Հայաստանն ու Իրանը քննարկում են գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ընդլայնմանը վերաբերող հարցեր

Հայաստանն ու Իրանը քննարկում են գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ընդլայնմանը վերաբերող հարցեր

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը վարչապետ Կարեն Կարապետյանն իր կեցավայրում ընդունել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեին և էներգետիկայի նախարար Սաթթար Մահմուդիին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպումների ընթացքում զրուցակիցները գոհունակություն են հայտնել էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության մակարդակից և վստահությամբ նշել, որ երկու հարևան պետություններն ունեն փոխգործակցության զարգացման մեծ հնարավորություններ: Կողմերը համոզմունք են հայտնել, որ ՀՀ վարչապետի պաշտոնական այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ փոխշահավետ հարաբերություններին: Իրանական կողմն ընդգծել է, որ շահագրգռված են Հայաստանի հետ կապերի ընդլայնմամբ ու խորացմամբ:
Հանդիպմանը քննարկվել են գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ընդլայնմանը, միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստում քննարկվելիք հարցերին, Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրին, Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում