Մայրաքաղաքում առաջին անգամ օդագնացության միջազգային փառատոն կանցկացվի

Մայրաքաղաքում առաջին անգամ օդագնացության միջազգային փառատոն կանցկացվի

Երեւանի հիմնադրման 2799-ամյակի միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 14-17-ը մայրաքաղաքում առաջին անգամ կանցկացվի «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանը Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանն ասաց, որ փառատոնը հետաքրքիր կդարձնի մայրաքաղաքը զբոսաշրջիկների համար: «Մենք Երեւանի ծննդյան օրը ցանկանում ենք մեր մայրաքաղաքը ցույց տալ երկնքից, քանի որ Երեւանը երկնքից եւս շատ լավ տեսք ունի»,-ասաց նա:

Արազ Բաղդասարյանի խոսքով`օդագնացության փառատոնը տեւելու է երեք օր: Մայրաքաղաքի երկնքում այդ օրերին կարելի կլինի տեսնել 14 օդապարիկ:

«Skayball» ընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանն էլ հավելեց, որ փառատոնին կմասնակցեն հինգ երկիր՝ Հայաստանը, Բուլղարիան, Լիտվան, Ռուսաստանը եւ Բելառուսը: «Փառատոնի ընթացքում կանցկացվեն մի շարք մրցույթներ: Օդապարիկով հոկտեմբերի 14-ին իրավունք կունենան թռչել միայն լրատվամիջոցների նկարահանող խմբերը, ովքեր հնարավորություն կունենան 1.5 ժամվա թռիչքի ընթացքում նկարահանել մայրաքաղաքը երկնքից»,– ասաց նա:

Մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը, սակայն, հնարավորություն կունենան օդապարիկով երկինք բարձրանալ հոկտեմբերի 15-ին՝ մասնակցելով եւ հաղթելով Հանրապետության հրապարակում անցկացվելիք մրցույթներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում