Transparency International-ը ԵԽ-ին կոչ է արել կոշտ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալների և փողերի լվացման դեմ

Transparency International-ը ԵԽ-ին կոչ է արել կոշտ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալների և փողերի լվացման դեմ

«Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» կազմակերպությունը Եվրոպայի խորհրդին կոչ է անում կոռուպցիայի դեմ պայքարի կոշտ միջոցներ ձեռնարկել վերջին կոռուպցիոն սկանդալներից և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի հրաժարականից հետո այդ կառույցի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում ողջունել է այն հանգամանքը, որ ԵԽԽՎ-ում այս շաբաթ քվեարկության է դրվելու հակակոռուպցիոն կանոններն ընդունելու հարցը, սակայն կոչ է արել արագ անդրադարձ կատարել առկա մեղադրանքներին:

«Եվրոպայի խորհուրդը ժողովրդավարության պահպանման և ամրապնդման մանդատ ունի: Սեպտեմբերի 4-ին Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի և դրա գործընկերների բացահայտումները ցույց տվեցին, որ ԵԽԽՎ ներկա և նախկին պատգամավորներ գումարներ են ստացել վեհաժողովում Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար»,- ասված է հայտարարության մեջ` հիշեցնելով, որ հոկտեմբերի 6-ին հրաժարական է ներկայացրել ԵԽԽՎ արդեն նախկին նախագահ Պեդրո Ագրամունտը` մինչ նրան քվեարկությամբ կհեռացնեին վեհաժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկին:

«Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» կազմակերպության տնօրեն Պատրիսիա Մորեյրան ընդգծել է, որ ԵԽԽՎ նախագահը պետք է արագ քայլեր ձեռնարկի իրավախախտումների դեմ` շեշտելով, որ անցյալում դա ձգձգվեց, երբ 2012թ. առաջին անգամ խոսք գնաց այդ մասին: «ԵԽԽՎ ներկա և նախկին պատգամավորների` Ադրբեջանից կասկածելի ֆինանսական օգուտներ ստանալու մասին բացահայտումները պետք է հետաքննության ենթարկվեն նրանց ազգային իշխանությունների կողմից: Այդ բացահայտումներում պատգամավորներ են ներգրավված Բելգիայից, Գերմանիայից, Իտալիայից, Սլովենիայից, իսկ փողերի լվացման վերաբերյալ բացահայտումներում ներգրավված են Բուլղարիան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Հունգարիան, Ռուսաստանը, Շվեյցարիան և Միացյալ Թագավորությունը: Եվրոպայի խորհրդի որոշմանը սկսելու փոխարեն այդ երկրները պետք է սեփական ջանքերը գործադրեն կոռուպցիոն սկանդալների վերաբերյալ հետաքննություն անցկացնելու ուղղությամբ` սերտ համագործակցելով նաև Եվրոպայի խորհրդի հետ: Եվրոպայի խորհրդի անդամ երկրները պետք է այնպես անեն, որ հետաքննող մարմինները հասանելիություն ունենան անհրաժեշտ ողջ տեղեկատվությանը և փաստաթղթերին, իրավասություն ունենալ անցկացնել ստուգումներ»,- ասել է նա:

Կազմակերպությունը Եվրոպայի խորհրդին կոչ է արել նաև ստեղծել մշտական հետաքննության գրասենյակ` որպես ապագայում փողերի լվացման և կոռուպցիայի դեպքերի բացահայտման արդյունավետ մեխանիզմ: «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ»-ը նաև գտնում է, որ Եվրոպայի խորհուրդը և նրա անդամ երկրները պետք է ընդունեն այնպիսի ընթացակարգեր, որոնք թույլ կտան հեռացնել այն անդամին, ով կխախտի օրենքները և կաշառք կվերցնի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում