Տարեվերջին կամփոփվի համայնքների բյուջետային կատարողականը. կհայտարարվեն 2017-ի 5 «չեմպիոն» համայնքները

Տարեվերջին կամփոփվի համայնքների բյուջետային կատարողականը. կհայտարարվեն 2017-ի 5 «չեմպիոն» համայնքները

Հայաստանում արդեն 200 համայնք իր բյուջեն ավելացրել է 20 և ավելի տոկոսով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։ «Կարծում եմ՝ պետք է համարենք, որ ունենք «չեմպիոն» համայնքներ։ Եթե համայնքն ունի 50 մլն դրամի սեփական եկամուտ և հիմա արդեն ավելացրել է 10 մլն-ով, ապա նշանակում է, որ տվյալ համայնքը կարող է 10 մլն ավելի ծախս անել և առկա խնդիրներին լուծում տալ»,- նշեց նախարարը։

Նախարարը ներկայացրեց, որ նախատեսվում է «չեմպիոն» համայնքներին հատկացնել շուրջ 2 մլն դրամի նվիրատվություն: Տարեվերջին ամփոփվելու են համայնքների բյուջետային կատարողականը և նույն ժամանակահատվածում հայտնի կդառնան «չեմպիոն» համայնքները:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Վայոց Ձորի համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ ՀՀ կառավարությունը ներդնելու է ռեգիոնալ կառավարման նոր մշակույթ, նոր՝ եռաստիճան կառավարման համակարգ՝ համայնքներ, մարզպետարաններ և կառավարություն։ Այդպիսով հստակ ֆիքսվելու են յուրաքանչուրի անելիքները։ Նրա խոսքով՝ բոլոր համայնքները պետք է կազմեն զարգացման հնգամյա ծրագիր։ Վարչապետն ընդգծել էր, որ հատուկ ուշադրություն է դարձվելու «չեմպիոն» համայնքներին և պետությունն էլ ամեն ինչով կաջակցի այն համայնքին, որն իր վրա բեռ կվերցնի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում