9 ամիսների ընթացքում համայնքների բյուջեների սեփական եկամուտների ցուցանիշն աճել է

9 ամիսների ընթացքում համայնքների բյուջեների սեփական եկամուտների ցուցանիշն աճել է

2018 թվականին Հայաստանի 18 խոշորացված համայնքներն իրենց բյուջեները պետք է կազմեն ծրագրային մեխանիզմով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։

«Պետք է կազմեն համապատասխան ծրագիրը, որտեղ պետք է ֆիքսեն այն չափելի ցուցանիշները, որոնցով տարվա վերջում իրենք իրենց գործունեությունը պետք է հստակեցնեն և նոր համապատասխան պահանջարկ ներկայացնեն»,– ասաց Դավիթ Լոքյանը։

Նախարարությունը 2018-ից անցնելու է համայնքների սուբվենցիաների տրամադրման նոր կարգի, որն արդեն պատրաստ է։

«2018-ից համայնքներին առաջարկելու ենք աշխատել հետևյալ տարբերակով՝ առաջարկում ենք համայնքին իր ֆոնդային բյուջե դնել որոշակի գումար և պետության կողմից ստանալ կրկնապատիկը։ Համայնքը մարզպետարանի միջոցով պետք է ներկայացնի իր ծրագիրը, իսկ ՏԿԶՆ-ն էլ այն կներկայացնի կառավարություն։ Արդյունքում կստացվի համապատասխան բյուջետավորում և համայնքը կիրականացնի տվյալ ծրագիրը։ Մենք պատրաստվում ենք 5-7 մլրդ դրամի չափով սուբվենցիաներ տրամադրել համայնքներին, եթե համայնքը նույն չափով մասնակից լինի ծրագրին»,– նշեց նախարարը։

Լոքյանն ասաց, որ 2017 թվականի 9 ամիսների ընթացքում համայնքների բյուջեների սեփական եկամուտների ցուցանիշը 2016 թվականի համեմատությամբ աճել է 2,161 մլրդ դրամով։ Հողի հարկն աճել է 206.1 մլն դրամով, գույքահարկը՝ 651.1 մլն դրամով, տեղական տուրքերը՝ 269.8 մլն դրամով, վարձակալության եկամուտները՝ 307.5 մլն դրամով, տեղական վճարները՝ 620.0 մլն դրամով:

«Այս տարվա ընթացքում Երևանից բացի, մնացած համայնքները միասին հավաքագրել են 2 մլրդ դրամ գումար, տարեվերջին ակնկալվում է, որ այս գումարը կհասնի 3 մլրդ-ի: Մենք Եվրամիությունից ակնկալում է 26 մլն դոլարի չափով ֆինանսավորում՝ համայնքներում տնտեսական ծրագրերի իրականացման համար, և մոտ 54 մլն դոլար էլ՝ ՓՄՁ-ների զարգացման համար»,– նշեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում