Գյումրիում հայտարարվեց «Յանդեքս» ծրագրավորման դպրոցի պաշտոնական բացումը

Գյումրիում հայտարարվեց «Յանդեքս» ծրագրավորման դպրոցի պաշտոնական բացումը

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ «Յանդեքս» ծրագրավորման դպրոցի պաշտոնական բացումը: Այն «Յանդեքս» ընկերության և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի համատեղ նախագիծն է 9-11-րդ դասարանների աշակերտների համար:

Ինչպես տեղեկացրեց «Յանդեքս»-ի Ակադեմիական ծրագրերի կառավարման ղեկավար Սերգեյ Չերնիշովը, դպրոցում ուսում ստանալու հայտ էր ներկայացրել 99 աշակերտ և թեստավարման և հարցազրույցի արդյունքում ընտրվել 27 աշակերտ, ովքեր մասնակցելու են ծրագրավորման յոթնամսյա անվճար դասընթացներին: Աշակերտներն այս ընթացքում կծանոթանան ծրագրավորման հիմունքների Python լեզվին: «Այս լեզվի ընտրությունն հատուկ է արված, այն լայն տարածում ունեցող և արագ զարգացող լեզու է, որն օգտագործում են մի շարք պլատֆորմներ, այդ թվում՝ Յութուբը, Ֆեյսբուքը, Ինստրագրամը և այլն »-նշեց Սերգեյ Չերնիշովը:

Գյումրեցի երեխաների համար դասընթացը մատչելի դարձնելու համար դասընթացներն իրականացվում են հայերեն, իսկ դպրոցում դասավանդում են տեղի մասնագետները: «Յանդեքս» ծրագրավորման դպրոց գործում է ՌԴ-ում և Ղազախսատնում: Հայաստանում Գյումրիից առաջ դպրոց բացվել է Վանաձորում:

«Այս ծրագիրը շատ կարևոր է Շիրակի մարզի համար, քանի որ աշակերտները ծրագրավորում ուսումնասիրելու ևս մեկ հնարավորություն կստանան և կկարողանան ներգրավվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, իսկ սա այն ոլորտն է որտեղ մասնագետների կարիքը միշտ զգացվում է»,- նշեց Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի բիզնես մենեջեր Ամալյա Եղոյանը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվայնացման վարչության պետ Վաչե Կիրակոսյանը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ևս շնորհավորեցին բոլորին կրթական նոր մեկնարկի առթիվ՝ հույս հայտնելով, որ Գյումրիում ևս հաջողություններն շատ արագ կգրանցվեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում