«Որ Հայաստանում բոլորը լսեն» ծրագրի ներկայացուցիչները հյուրընկալվեցին Սփյուռքի նախարարությունում

«Որ Հայաստանում բոլորը լսեն» ծրագրի ներկայացուցիչները հյուրընկալվեցին Սփյուռքի նախարարությունում

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հոկտեմբերի 10-ին ընդունեց ամերիկահայ գործիչներ, լսողական սարքերի արդյունաբերող ամերիկյան Սթարկի (Starkey) ընկերության «Որ աշխարհը լսի» միջազգային բարեգործական ծրագրի բարերար և խորհրդատու տեր և տիկին Արմեն և Հայկուհի Կավուկչյաններին, ծրագրի հայաստանյան առաքելության («Որ Հայաստանում բոլորը լսեն») ղեկավար Թրեվր Թրնըրին, համակարգող Լիանա Սահակյանին և ամերիկահայ բարերար, ծրագրի աջակից Նորա Յակուբյանին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ջերմորեն ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր գնահատեց Հայաստանում ծրագրի իրականացմանն ուղղված Լոս Անջելեսում բնակվող Կավուկչյան ընտանիքի ջանքերը: Նախարարը կարևորեց հայրենիքին աջակցելու, առողջապահայական նման առաջնային խնդիրը համալիր կերպով լուծելու նրանց նախաձեռնությունը և համագործակցությունը «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի հետ: Նա մասնավորապես ասաց. «Ուրախ եմ, որ մեր հայրենակիցները կարողանում են ինտեգրվել, կայանալ և իրենց կապերն ու հնարավորությունները, փորձն ու գիտելիքները ներդնել հայրենիքի զարգացման գործում: Սիրելի Արմեն և Հայկուհի, ձեր ընտանիքը փայլուն օրինակ է, գիտեմ որ այս լայնամասշտաբ, սրտառուչ ծրագիրը իրականություն է դարձել նախևառաջ ձեր մեծ ցանկության, աշխատանքի ու նվիրումի շնորհիվ, գիտեմ նաև, որ հատուկ ծրագրի մեկնարկին մասնակցելու նպատակով Հայաստան են գալու նաև ձեր չորս որդիները, և վստահ եմ, որ նրանք ևս շարունակելու են ձեր սկսած գործը, քայլելու են հայրենիքին սատար կանգնելու ձեր բացած ճանապարհով: Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում ձեր ընտանիքին, ինչպես նաև ընկերության հիմնադիր-ղեկավար Բիլ Ասթնին և այս հրաշալի երիտասարդին` Թրեվր Թրնըրին, ով այնքան է սիրել մեր երկիրը, որ արդեն հայերեն է խոսում, և լինելով ծրագրի միջազգային առաքելության համակարգողը, ցանկացել է գալ և անձամբ ղեկավարել «Որ Հայաստանը լսի» ծրագիրը: Իսկ Հայաստանը լսում, բարձր է գնահատում ու սիրում է Բիլ Ասթնի նման մարդասեր բարերարներին, Թրեվրի նման Հայաստանի սիրահարներին ու նրանց համարում է իր զավակները: Մեր ժողովրդի համար բարեկամությունը բարձրագույն արժեք է, մենք գթասրտությունն ընդունում ենք սիրով ու երախտագիտությամբ և փոխհատուցելու պատրաստակամությամբ: Ուզում եմ առանձնակի իմ երախտիքի խոսքը փոխանցեք անգամ Հայաստանի տեղը չիմացող այն ամերիկացի բարերարին, ով 125 000 դոլար է նվիրել «Որ Հայաստանում բոլորը լսեն» ծրագրին»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հայկուհի Կավուկչյանը նշեց, որ այս անգամ Հայրենի հողի վրա ոտք դնելն այլ զգացումով է համակել, այդքան հայրենակիցների լսելու խնդրի լուծմանն աջակցելու միտքը հանգստութուն, ու բացառիկ հուզմունք է պատճառել ամուսիններին:

Արմեն Կավուկչյանը կարևորեց նաև համայնքի աջակցությունը, որը կազմակերպվել էր Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի նախաձեռնությամբ: Նա նշեց, որ 2015թ. Կավուկչյան ընտանիքի նախաձռնությամբ լսողական սարքերի արդյունաբերող ամերիկյան հանրահայտ Սթարկի (Starkey) ընկերությունը, համագործակցելով «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի հետ, Հայաստանում սկիզբ դրեց բարեգործական մի ծրագրի, որի նպատակն է կարիքավոր անձանց ապահովել հատուկ լսողական սարքերով: Մինչ այժմ իրականացվել է առաջին փուլը՝ հայտնաբերվել են կարիքավոր անձինք, հետազոտվել է նրանց լսողությունը, կատարվել է սարքերի կաղապարների չափում և այլն, այժմ թիմը կյանքի է կոչում երկրորդ կարևոր հատվածը հոկտեմբերի 15-17-ը Երևանի Մարզահամերգային համալիրում ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից ժամանած մասնագետները կտեղադրվեն լսողական սարքեր, Ծրագրին մասնակցելու համար իր անձնական ինքնաթիռով Երևան է ժամանելու Սթարկի լսողական տեխնոլոգիաների ըննկերության հիմնադիր-նախագահ Բիլ Ասթնը: Ծրագրին մասնակցում են սոցիալապես անապահով 1800 շահառուներ:

Հայաստանյան առաքելության համակարգող Լիանա Սահակյանը նշեց, որ Սթարկի ընկերությունն ու Սթարկի լսողության հիմնադրամը առաքելությունն իրականացրել են աշխարհի 106 երկրներում, որոնցից 52-ում այն կրում է շարունակական բնույթ: Հայաստանը լինելու է թվով 107-ը, եթե «Որ Հայաստանում բոլորը լսեն»ծրագիրն հաջող ընթանա՝ այն նույնպես լինելու է շարունակական և կայուն: Ծրագիրը մեկնարկել է Երևանում, Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում, նախատեսվում է հետագայում իրականացնել նաև մնացած մարզերում և Արցախում: Կազմակերպվել է բոլոր շահառուների տեղափոխումը մարզերից Երևան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում