Պոլսո պատրիարքի ընտրություններում դեռ անորոշություն է. Ստամբուլի նահանգապետարան ուղարկված նամակն այդպես էլ անպատասխան մնաց

Պոլսո պատրիարքի ընտրություններում դեռ անորոշություն է. Ստամբուլի նահանգապետարան ուղարկված նամակն այդպես էլ անպատասխան մնաց

Պոլսո պատրիարքարանի կողմից պատրիարքի ընտրությունների վերաբերյալ Ստամբուլի նահանգապետարան ուղարկված նամակն այդպես էլ անպատասխան մնաց: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի գլխավոր խմբագիր Բագրատ Էստուկյանը:

«Հիմա փորձ է արվում պետական մարմինների ներկայացուցիչների հետ նոր հանդիպում ապահովել, որպեսզի անձնապես, տեղում խնդիրը ներկայացվի: Ինչպես գիտեք, խնդրի վերաբերյալ առաջին անգամ գրավոր նամակ ներկայացվեց, նշվել էր, որ երկու ամսվա մեջ պատասխան կլինի, սակայն տեսաք, որ հոկտեմբերի 9-ը վերջնաժամկետն էր, և պետական խողովակից ոչ մի արձագանք չեղավ: Հիմա հնարավորության դեպքում անձնապես կներկայացվի խնդիրը»,-ասաց Բագրատ Էստուկյանը: Նա տեղեկացրեց, որ հնարավոր հանդիպմանը կներկայանա տեղապահը:

Անձամբ տեղապահի ներկայանալու, ինչպես նաև խնդիրը բացատրելու դեպքում արդյոք ինչ-որ տեղաշարժ հավանակա՞ն է. հարցին ի պատասխան Բագրատ Էստուկյանը նշեց, որ քիչ հավանական է համարում:

«Ոչ մի պատասխան էլ չստացվեց, ամեն ինչ արվում է գործընթացը ձգձգելու ու անորոշ վիճակը պահելու համար: Այսօր խնդիրը ճգնաժամի է մատնված: Հետագա քայլերը դեռ պարզ չեն, սպասենք հանդիպմանը»,-ասաց Բագրատ Էստուկյանը:

Պատրիարքական ընտրությունների կազմակերպչական նախաձեռնող մարմինը Ստամբուլի նահանգապետարան ուղարկված դիմումով ներկայացրել էր ինչպես նախաձեռնող մարմնի կազմը, այնպես էլ ընտրությունների անցկացման օրը: Ընտրական գործընթացի առաջխաղացման համար անհրաժեշտ է, որ պատասխան տրվի պատրիարքության նամակին և հանձնարարություն` ընտրության անցկացման համար:

Պոլսո Հայոց պատրիարքարանում 2016 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած եկեղեցական ժողովի ժամանակ որոշում է կայացվել դիմել թուրքական իշխանություններին նոր պատրիարք ընտրելու արտոնություն տրամադրելու խնդրանքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում