Հարավային Կորեա է ժամանել ամերիկյան «Թուսոն» ատոմային սուզանավը

Հարավային Կորեա է ժամանել ամերիկյան «Թուսոն» ատոմային սուզանավը

Հարավային Կորեա է ժամանել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Թուսոն» բազմանպատակային ատոմային սուզանավը: Այդ մասին հոկտեմբերի 11-ին հայտնել է «Ռյոնհապ» հարավկորեական գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ-ի զինված ուժերի խաղաղօվկիանոսյան հրամանատարությանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ «Լոս Անջելես» տիպի այս ատոմային սուզանավը հոկտեմբերի 7-ին մտել է Հարավային Կորայի հարավ-արեւելքում գտնվող Չինհեգու քաղաքի նավահանգիստ: Նախօրյակին The Chosun Ilbo կորեական հրատարակությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը Կորեական թերակղզու ափեր են ուղարկում «Միչիգան» ատոմային սուզանավը, որը, ինչպես նշվում է, կմասնակցի Հարավային Կորայի եւ ԱՄՆ-ի՝ հաջորդ շաբաթ պլանավորված համատեղ վարժանքներին:

Սուզանավը կարող է կրել մինչեւ 154 Tomahawk թեւավոր հրթիռներ, այդ թվում՝ միջուկային մարտագլխիկներով: Մոտ ժամանակներս Կորեական թերակղզու շրջանում վերստին կծավալվի ԱՄՆ-ի ՌԾՈւ-ի հարվածային խմբավորումը՝ Ronald Reagan ատոմային ավիակրի գլխավորությամբ: Դրա կազմում ներառված են հածանավ եւ Էսկադրային ականակիրներ՝ թեւավոր հրթիռներով: Michigan-ի ներուժի զուգորդմամբ այս ամենը Tomahawk հրթիռների այնպիսի քանակությամբ համազարկի հնարավորություն է տալիս, որը թույլ կտա հզոր հարված հասցնել ԿԺԴՀ-ին:

Nikkei ճապոնական թերթի տվյալներով՝ այն կարող է լրացվել օդուժի, այդ թվում՝ ռազմավարական ռմբակոծիչների գործողություններով, որոնք հատուկ ռումբեր են օգտագործում խորը գետնի տակ տեղակայված օբյեկտների ոչնչացման համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում