Վիգեն Սարգսյանն անիմաստ է համարում զինկոմիսարիատում բուժհանձնաժողով պահելու համար պետբյուջեից հսկայական գումարներ ծախսելը

Վիգեն Սարգսյանն անիմաստ է համարում զինկոմիսարիատում բուժհանձնաժողով պահելու համար պետբյուջեից հսկայական գումարներ ծախսելը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մտահոգիչ է համարում այն, որ նորակոչիկի առողջական վիճակի որոշման խնդիրը թողնված է 3-4 օղակի վրա, այն էլ՝ լղոզված պատասխանատվությամբ: Այս մասին նա հայտարարեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-ին հրավիրված «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների շրջանակում:

«Զինկոմիսարիատում ձեւավորվում է բուժհանձնաժողով, որը տալիս է եզրակացություն վիզուալ կոնտակտի և զրույցի հիման վրա, որովհետեւ չունի որեւէ ախտորոշիչ սարքավորում կամ հնարավորություն մարդկանց զննում կազմակերպելու ու արդյունքները հանձնաժողով ներկայացնելու: Արդյունքում` բուժհաստատությունը կարեւոր որոշման համար մեծ պատասխանատվություն չի կրում»,- նշեց նա:

Նախարարի հավաստմամբ՝ հանրապետական հանձնաժողովը շարունակելու է գործել, սակայն աշխատանքներ են տարվում ձեւավորելու փորձագիտական լուրջ կարողություններ, որպեսզի այդ հանձնաժողովը եւս վերջնական պատասխանատվություն կրի իր տված եզրակացության համար, ոչ թե նորակոչիկը միաժամանակ ուղղվի երեք տարբեր բուժհաստատություններ, ստացվեն տարբեր կարծիքներ, եւ կայացվեն սուբյեկտիվ որոշումներ:

«Նոր օրենքի նախագծով հիմք ենք ստեղծում, որ բուժզննման կարգը սահմանի Կառավարությունը: Այսօր քաղաքացիներն ունեն ընտանեկան բժիշկների կցագրում, պետությունն էլ վճարում է նախքան զորակոչվելը 2 անգամ ստուգում անցնելու համար: Հետեւաբար, անիմաստ է հսկայական գումարներ ծախսել պետական բյուջեից զինկոմիսարիատում բուժհանձնաժողով պահելու համար: Քաղաքացին պետք է ունենա ստանդարտ առողջության գնահատման ձեւ, որի տակ պոլիկլինիկան կամ բուժամբուլատորիան պիտի իրավունք ու պարտականություն ունենան ստորագրելու, ասելու, որ զննել են, քաղաքացին այս հիվանդությունն ունի կամ չունի, որից հետո դա ավտոմատ որոշման կայացման հիմք է»,- նշեց Վիգեն Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում