Խաղողի մթերման գործընթացն այս տարի սահուն է անցնում

Խաղողի մթերման գործընթացն այս տարի սահուն է անցնում

Այս տարի գյուղատնտեսության նախարարությունը խաղողի մթերման հետ կապված խնդիրներ չունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նրա խոսքով` նախորդ տարիներից դեռ մնացած խնդիրներ կան, որոնց լուծումը նախարարությունը փորձում է տալ հնարավորության սահմաններում: «Այս տարի ամեն ինչ ըստ պայմանագրերի է ընթանում: Մթերողների հետ պայմանավորվել ենք, եւ նրանք կարող են 3-տոկոսանոց վարկերից օգտվել` գյուղացիների գումարը ժամանակին վճարելու համար»,-ասաց նա:

Նախարարը տեղեկացրեց, որ պատրաստվում է եւ շուտով քննարկման կդրվի գյուղատնտեսության մասին օրենքը: «Այս օրենքի մեջ մենք ցանկանում ենք նախանշել այն բոլոր հարցերը, որոնք այսօր կան գյուղատնտեսության ոլորտում` տնտեսությունների համար համապատասխան պետական աջակցության ծրագրեր կազմելու համար»,-ասաց նա:

Անդրադառնալով Գյուղատնտեսության նախարարության կողմից 2007 թվականից ի վեր իրականացվող տավարաբուծության զարգացման ծրագրին՝ նախարար Առաքելյանն ընդգծեց, որ ծրագրում փոփոխություններ են կատարվել եւ եթե նախկինում եվրոպական երկրներից ներկրվել են համաշխարհային ճանաչում ունեցող դասական կաթնատու և կաթնամսատու ցեղեր, տոհմային երինջներ, որոնք հանձնվել են ֆերմերներին, ապա այս տարվանից , ըստ ծրագրում կատարված փոփոխության, նախատեսվում է վերականգնել կովերի արհեստական սերմնավորման գործընթացը, կազմակերպել սերմնահեղուկի տեղական արտադրությունը, ներդնել սաղմերի փոխպատվաստման տեխնոլոգիան, ինչը հնարավորություն կընձեռի մեր երկրում կազմակերպել բարձրարժեք երինջների աճեցումը և դրանցով համալրել տավարի նախիրները: «2017-2018 թվականների համար ֆերմերներին տրամադրելու ենք 250 գլուխ երինջ»,-հավելեց նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում