Աղետների և ռիսկերի նվազեցման աշխատանքներով Հայաստանն առաջատար դիրքերում է. Ջո Շոուեր

Աղետների և ռիսկերի նվազեցման աշխատանքներով Հայաստանն առաջատար դիրքերում է. Ջո Շոուեր

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համապատասխան բյուրոն շատ երկրների օգնում է ռիսկերի նվազեցման գործում, սակայն Հայաստանը շատ օգնության կարիք չունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 11-ին «Դիմակայունություն հանուն կայուն զարգացման» միջազգային համաժողովին լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց ՄԱԿ-ի կլիմայի, աղետների, էներգիայի, քաղաքականության և ծրագրային աջակցության բյուրոյի մասնագիտական խմբի ղեկավար Ջո Շոուերը:

«Հայաստանը գտնվում է առաջատար դիրքերում, այստեղ մեծ ջանքեր են գործադրվում աղետների և ռիսկերի նվազեցման ուղղությամբ: Մենք նույնիսկ կարող ենք ընդօրինակել Հայաստանի օգտակար փորձը»,-ասաց Շոուերը:

2015-ին շատ երկներ մշակել են կայուն զարգացման նպատակներ: Շոուերի կարծիքով, եթե երկրները կարողանան այդ նպատակներն իրականացնել, ապա կարող ենք շատ երկրներ ապահովագրել նաև գլոբալ տաքացումից: Գլոբալ տաքացումից խուսափելու համար պետք է հաշվի առնել, որ աշխարհում տեղի ունեցող աղետների մոտ 80 տոկոսը բնական ծագում ունեն: Անհրաժեշտ է կառավարել մեր վնասակար ազդեցությունը:

Տարբեր տեսակի աղետները խոչընդոտում են զարգացմանը, զգալի վնաս հասցնում տնտեսությանը: Դրանք բնական երևույթներ են, սակայն պետք է փորձել կանխել այդ վտանգները և հնարավորինս նվազեցնել դրանցից առաջացող կորուստները: «Կանխման ուղղությամբ իրականացվող քայլերից առաջինը ռիսկերի գնահատումն է: Պետք է հասկանալ՝ տարածքը, որտեղ ապրում ենք, ինչ ռիսկերի է ենթակա: Եվ, եթե պատրաստվում ենք ներդրում կատարել գյուղատնտեսության ոլորտում՝ իմանալով, որ առկա է երաշտի և սողանքի վտանգ, նախ անհրաժեշտ է նվազեցնել այդ ռիսկը և ապահովել մեր ներդրումների արդյունավետությունը»,-եզրափակեց Ջո Շոուերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում