«Ես եմ» ծրագրով առաջարկվում է վերացնել բնակության և ծառայության վայրերի միջև տարածքային սահմանափակումները

«Ես եմ» ծրագրով առաջարկվում է վերացնել բնակության և ծառայության վայրերի միջև տարածքային սահմանափակումները

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-ին հրավիրված «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների շրջանակում խոսելով «Ես եմ» ծրագրի մասին՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ առաջարկվում է վերացնել բնակության և ծառայության վայրերի միջև՝ գործող օրենսդրությամբ նախատեսված տարածքային սահմանափակումները:

«Ներկայումս քաղաքացին վիճակահանությամբ չի կարող հայտնվել այնպիսի զորամասում, որն իր բնակավայրից նվազագույնը 150 կմ շառավղով հեռու չէ: Նախկինում դա 50 կմ էր, ապա 60, իսկ ներկայումս այն կազմում է 150 կմ: Սա բացարձակ անիմաստ կարգավորում է, որովհետև եթե դա վիճակահանություն է, յուրաքանչյուր քաղաքացի պիտի հավասար հնարավորություն ունենա՝ տեսնելու, թե որ զորամասում է ինքը ծառայելու իր վիճակահանությամբ: Միաժամանակ նաեւ կարգավորում ենք արտոնությունների խնդիրը: Այսօր միակ արտոնությունը, որ տալիս ենք, ընտանիքի վիճակից ելնելով եւ այլն, կապված է ընտանիքին մոտ ծառայելու, այսինքն՝ նույն տարածքային սահմանափակման հետ: Արդյունքում՝ օրինակ Տավուշում արտոնությունից օգտվող քաղաքացին լրիվ օրենքի շրջանակներում կարող է հայտնվել առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնելիս, որովհետեւ իր տունը մոտ է գտնվում, և մենք կարծում ենք, որ դա ձևական բնույթ է հաղորդում այդ արտոնություններին՝ որեւէ խնդիր չլուծելով»,-ասաց Վիգեն Սարգսյանը՝ ընդգծելով, որ նոր օրենդրական կարգավորումներով առաջարկվում է տարածքային արտոնությունները փոխարինել բովանդակային արտոնությամբ:

Նա հստակեցրեց, որ եթե երիտասարդն ունի արտոնություն, բայց ուզում է «Ես եմ» ծրագրով ծառայել, մասնակցել զորակոչին, նա կարող է արտոնությունից չօգտվել եւ ծառայությունն անցկացնել առաջնագծում։

«Ծառայության ընթացքում արտոնության դեպքում մեկ արձակուրդի փոխարեն տրվում է 3 արձակուրդ: Արտոնությունը նրա համար էր, որ ծնողը մոտ գտնվող զորամաս ավելի հեշտ այցելի, իսկ մենք այսպես թույլ ենք տալիս 3 անգամ գնալ տուն՝ 6 ամսում»,- եզրափակեց Պաշտպանության նախարարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում