«Ժողովուրդ». Քննչական կոմիտեն դեռևս չի պարզել Խոսրովի անտառի հրդեհի իրական պատճառները

«Ժողովուրդ». Քննչական կոմիտեն դեռևս չի պարզել Խոսրովի անտառի հրդեհի իրական պատճառները

«Խոսրովի անտառ պետական» արգելոցի հրդեհից անցել է ավելի քան մեկ ամիս: Ու չնայած հարուցված քրեական գործին՝ ՀՀ քննչական կոմիտեն չի պարզել ու չի հրապարակել հրդեհի իրական պատճառները: Ամեն ինչ դեռ ենթադրությունների մակարդակում է: Այս մասին գրել է «Ժողովուրդ»-ը:

«Հատկանշական է, որ Խոսրովի անտառի հրդեհի մասին խոսելիս ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ու ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը միանգամայն հակառակ տեսակետներ են հայտնել. «Պնդում եմ, որ Խոսրովի անտառի հրդեհը բռնկվել է անփութությունից, իսկ շարունակությունը որոշակի անգրագիտության հետևանք էր»,-ասել է Տոնոյանը:

Իսկ Արծվիկ Մինասյանն էլ նշել է, թե հրդեհը կարող էր լինել չարամտության կամ անզգուշության հետևանք՝ դժվարանալով, սակայն, հստակեցնել, թե ով կարող էր միտումնավոր հրդեհել անտառը. «Կարող է՝ դա մարդկային գործոն լինի, կարող է՝ դա տեխնածին գործոն լինի, բայց այն, որ բնական երևույթի պատճառ չի դա, այսինքն՝ այդ օրերին չի եղել կայծակ, այդ օրերին չի եղել ամպրոպ, սա փաստ է: Էստեղ շատ հնարավոր է, որ որոշակի չարամտության դրսևորում լինի կամ անզգուշության: Ես չեմ բացառում նույնիսկ անզգուշությունը»: Հիշեցնենք, որ հարակից գյուղի բնակիչները տևական ժամանակ է, ինչ արգելոցի ղեկավարության հետ հակամարտության մեջ են»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում