Գյուղատնտեսության նախարարն այցելել է CARD հիմնադրամի Ջերմոցային տնտեսությունների սպասարկման կենտրոն

Գյուղատնտեսության նախարարն այցելել է CARD հիմնադրամի Ջերմոցային տնտեսությունների սպասարկման կենտրոն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այցելել է Դարակերտ համայնքում գտնվող Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի Ջերմոցային տնտեսությունների սպասարկման կենտրոն: Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կենտրոնը հիմնվել է 2014 թվականին՝ Հայաստանի ջերմոցային տնտեսության ոլորտի զարգացման նպատակով: Այստեղ անց են կացվում սեմինարներ և դասընթացներ Հայաստանի և օտարերկրյա մասնագետների կողմից: Այն ծառայում է նաև որպես հաղորդակցման հարթակ 22 համայնքների 1000-ից ավելի ֆերմերների համար: Կենտրոնում նախարարը մասնակցել է փոքր և միջին գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որի ընթացքում ներկայացվել են փոքր և միջին չափերի նոր տեսակի թաղանթային ջերմոցների առավելությունները, արդյունավետությունը, դրանց դերը գյուղատնտեսության զարգացման գործում: Մասնագետների հիմնավորմամբ՝ այդ ջերմոցները բարձր արդյունավետություն կարող են ապահովել փոքր և միջին գյուղացիական տնտեսությունների համար, որոնք իրենք փոքր հողակտորներից չեն կարողանում բավարար եկամուտներ ստանալ և արդյունավետ գյուղատնտեսություն վարել: Այնուհետև նախարարը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ:

Կենտրոնի ջերմոցային տնտեսությունների և հողագործության զարգացման բաժնի տնօրեն Աննա Կարապետյանի խոսքով՝ Կենտրոնի նպատակն է ջերմոցային տնտեսություններին ներկայացնել որակյալ ապրանքատեսակներ և նոր տեխնոլոգիաներ: Կենտրոնի հետ համագործակցում են աշխարհում ճանաչված շուրջ 13 կազմակերպություններ, այստեղ հիմնվել է փորձացուցադրական դաշտ, որտեղ կազմակերպվում են դասընթացներ, տարբեր տեսակի հիբրիդների և տեխնոլոգիաների փորձացուցադրություններ: Աննա Կարապետյանը հավելել է, որ փորձացուցադրման իմաստն այն է, որ ֆերմերը չկորցնի ռեսուրսներ և ժամանակ, բացի այդ, ամբողջ ծախսերը հոգում է Կենտրոնը:

Տեղի ջերմատներում աճեցվում են հոլանդական լոլիկ, վարունգ, հազար, ջերմատներից մեկը՝ իտալական կոնստրուկցիաներով է, մյուսը՝ իսրայելական: Կոնստրուկցիայի 1 մ2-ի արժեքը կազմում է 22 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 3 տարվա ընթացքում հնարավոր է այդ գումարը ետ վերադարձնել: Նման ջերմատներում արտադրությունը կարելի է կազմակերպել ինչպես ջեռուցման միջոցով, այնպես էլ առանց ջեռուցման: «Մենք հիմա փորձում ենք համախմբել փոքր ջերմոցային տնտեսություններին մեկ կոոպերատիվի ներքո և դրանց արտադրանքը մրցունակ դարձնել շուկայի համար, ինչը թույլ կտա առավել արդյունավետ կազմակերպել իրացումը»,- նշել է կենտրոնի ներկայացուցիչը: Կենտրոնում ֆերմերներին ապահովում են նաև անվճար մասնագիտական խորհրդատվությամբ, որը տրամադրում են Հայաստանում և արտերկրում վերապատրաստված մասնագետները: Բացի այդ, խորհրդատվական նպատակներով պարբերաբար Հայաստան են ժամանում մասնագետներ Հոլանդիայից, Իտալիայից, Ուկրաինայից և այլ երկրներից, որոնք դասընթացներ են կազմակերպում ոչ միայն Կենտրոնի մասնագետների, այլ նաև ֆերմերների համար: Գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի տնօրեն, «Բերքառատ ջերմոց» ՍՊԸ-ի տնօրեն Վարուժան Խոդեդանյանը հավաստիացնում է՝ նման ջերմատներն արդյունավետ են, ստացված արտադրանքը՝ մրցունակ: «Այստեղ մենք ավելի շատ բերք ենք ստանում, օրինակ մոտ 500 քառակուսի մետրից ստացել ենք մոտ 23 տոննա «կիբրիա» տեսակի վարունգ, պարբերաբար իրականացվում են բերքի ստուգումներ, այժմ մշակում ենք լոլիկ, վարունգ, պղպեղ և սմբուկ: Այստեղ ներդրումը թանկ է, բայց արդարացված: Բերքի իրացման խնդիրներ չունենք, այն հիմնականում իրացվում է տեղական շուկայում, մասամբ` Ռուսաստանում, շնորհիվ ստեղծված պայմանների՝ այստեղ արտադրվող գյուղմթերքը մրցունակ է»,-նշում է Վարուժան Խոդեդանյանը:

Ամփոփելով այցի արդյունքները՝ նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ Արարատյան հարթավայրում շատ են փոքր և միջին գյուղացիական տնտեսությունները, որոնց համար նման ջերմատների հիմնումը կարող է դառնալ զարգացման ծրագիր: «Արդեն այսօր այդ տնտեսությունները, օգտվելով 3-10 մլն դրամ սուբսիդավորման վարկերից, կարող են նման ջերմատներ հիմնել: Բացի այդ, քննարկեցինք ներդրումների ավելացմանն ու հողերի արդյունավետության բարձրացմանը զուգահեռ ենթակառուցվածքների՝ սառնարանային տնտեսությունների, մթերման կենտրոնների ստեղծման հարցը, որի ծրագիրը կներկայացնեն, և այն կներառենք մեր հետագա տեսլականի մեջ»,- մասնավորապես նշել է Իգնատի Առաքելյանը: Նախարարի խոսքով՝ նման տնտեսությունների ստեղծումը և՛ զբաղվածության հարց կլուծի, և՛ եկամտաբերությունը կավելացնի, ինչպես նաև արդյունաբերական գյուղատնտեսության զարգացմանը կնպաստի, եթե տնտեսությունները կոոպերացվեն, կոնսոլիդացված աշխատեն և կարողանան իրենց արտադրանքը երաշխավորված արտահանել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում