Դեսպան Սարգսյանը Բուլղարիայում քննարկել է համագործակցության խթանման հարցեր

Դեսպան Սարգսյանը Բուլղարիայում քննարկել է համագործակցության խթանման հարցեր

Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 11-ին Բուլղարիայի խորհրդարանի շենքում հանդիպել է Բուլղարիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի նորընտիր կազմի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպմանը կողմերը քննարկել են միջխորհրդարանական կապերի ամրապնդման, երկու երկրների բարեկամանական խմբերի միջև համագործակցության խթանման, երկկողմ քաղաքական և սոցիալ-տնտեսական հարաբերություններում խորհրդարանների և պատգամավորական խմբերի, որպես հանրային դիվանագիտության օղակների կառուցողական դերակատարության, ինչպես նաև Բուլղարիա-Հայաստան ավանդական բարեկամական հարաբերություններում բուլղարահայ համայնքի առավել ակտիվ մասնակցության հետ կապված հարցեր:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններին: Հաշվի առնելով ապրանքաշրջանառության ծավալների ցածր մակարդակը` կողմերը պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրել առևտրատնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ` օգտագործելով երկու երկրներում առկա ներուժը:

Այդ համատեքստում զրուցակիցներն ընդգծել են բուլղարահայ համայնքի կառուցողական դերն ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ Բուլղարիայի կառավարության կողմից ցուցաբերվող բազմակողմանի աջակցությունը:

Կողմերը կարևորել են նաև ԲՀ-ՀՀ պատգամավորական խմբի և հայ համայնքի միջև ավանդական բարեկամական կապերի հետագա զարգացումն ու այդ գործում ՀՀ դեսպանության ակտիվ ներգրավվածությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում