Իրավական ոլորտի հայ և ֆրանսիացի մասնագետները միմյանց հետ քննարկումներ ունեցան

Իրավական ոլորտի հայ և ֆրանսիացի մասնագետները միմյանց հետ քննարկումներ ունեցան

Հայ և ֆրանսիացի իրավաբանները միմյանց հետ իրենց փորձÁ կիսեցին փաստաբանների մասնագիտական պատասխանատվության ապահովագրության և հասարակ բաժնետոմսերով ընկերությունների ֆինանսական գործարքների ոլորտներում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում, հայ և ֆրանսիական իրավաբանների մասնակցությամբ բիզնես և իրավական ոլորտի վերաբերյալ քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։
«Նախկինում եղել են տարբեր թեմաներով միջազգային գիտաժողովներ։ Այսօր թեմաներից մեկը՝ հասարակ բաժնետոմսերով ընկերությունների ֆինանսական գործարքների իրականացումն է։ Մենք այսօր քննարկելու ենք հայկական բաժնետոմսերի վերաբերյալ փորձը, ինչպես նաև ֆրանսիացիների փորձը, որն իրենց մոտ կոչվում է հասարակ բաժնետոմսերով բաժնետիրական ընկերություն։ Հայկական բաժնետոմսերով ընկերություններ ասելով հասկանում ենք բիզնես ընկերությունների գործունեություն։ Մեր ֆրանսիացի գործընկերները և՛ իրավունքի, և՛ բիզնեսի ոլորտում են ներկայանում, և, կարծում եմ, որ սա Հայաստանի համար շատ լուրջ հնարավորություն է ներդրումների տեսանկյունից։ Խոսելու ենք նաև փաստաբանների մասնագիտական պատասխանատվության ապահովագրությունից»,- ասաց Արա Զոհրաբյանը և նշեց, որ զարգացած երկրներում փաստաբանների պատասխանատվությունը ապահովագրված է, որպեսզի, եթե քաղաքացիները վնաս կրեն փաստաբանի ոչ արդյունավետ գործողություններից՝ կարողանան նաև ապահովագրական ընկերությունների միջոցով ստանալ փոխհատուցում։

Նրա խոսքով՝ Հայաստանում այդ ինստիտուտը դեռ ներմուծված չէ, և մենք պետք է կարողանանք տեսնել դրա զարգացման հեռանկարները մեր երկրում։

ՀՀ փաստաբանների պալատի նախագահը նշեց, որ ցանկացած ներդրողի հետաքրքրելու է այդ երկրի դատաիրավական համակարգը, որտեղ կա դատարանների անկախությունը և կանխատեսելիությունը, ինչպես նաև փաստաբանների պրոֆեսիոնալիզմը։

«Պրոֆեսիոնալ փաստաբանը միշտ կարող է ստիպել դատարանին աշխատել։ Պետությունը այս հատկանիշները պետք է ունենա, և մենք մեր կողմից ցանկանում ենք ցույց տալ մեր գործընկերներին, որ հայ փաստաբաններս ի վիճակի ենք սպասարկել ձեռնարկատիրական ներդրումները»,- ընդգծեց Զոհրաբյանը։

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը նշեց, որ ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը, որը տեղի է ունենալու Երևանում, ընդունելու է 80 պատվիրակություն։

«Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը շատ մեծ նշանակություն պետք է ունենա երկկողմ հարաբերությունների զարգացման համար։ Ֆրանսիայի համար այդ գագաթաժողովը մեծագույն կարևորություն ունի։ Մենք ցանկանում ենք նոր համագործակցություններ հաստատել ,և իրավունքը մեր գործունեության համար չափազանց կարևոր է։ Իրավունքը զարգանում է գիտաժողովների, հնարավոր երկկողմանի հարաբերությունների միջոցով։ Ես գիտեմ, որ իրավաբանական ոլորտը Հայաստանում կարևոր դերակատարություն ունի»,– նշեց դեսպանը։

Ջոնաթան Լաքոտն ընդգծեց, որ իրավաբանական ոլորտը մեծապես նպաստում է Ֆրանսիայի ազդեցության զարգացմանը և տարածմանը աշխարհով մեկ։ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը, իր դիվանագիտական փորձից ելնելով, ասաց, որ պետք է աշխատել համագործակցության ոլորտում։

«Մենք արդյունավետ աշխատանքի արդյունք կունենանք, եթե հիբրիդային մոտեցում դրսևորենք և կառավարենք մեր իրավական փորձառությունը։ Համագործակցային դիրքորոշումը թույլ է տալիս նաև զարգացնել մեր՝ սեփական, իրավաբանական ոլորտը, մեր քաղաքացիների բարեկեցությունը։ Այս ամենը թույլ կտա մեզ միջազգային մակարդակով նվաճել շուկան»,- ասաց Լաքոտը։

Դեսպանի խոսքով՝ իրավական ոլորտը ամենագլխավորներից է Հայաստանում ֆրանսիական համալսարանում։ Նրա պնդմամբ՝ հաստատության գործունեությունն այդ համագործակցության լավագույն դրսևորումներից է։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում