Կներդրվի էլեկտրոնային քրեակատարողական համակարգ

Կներդրվի էլեկտրոնային քրեակատարողական համակարգ

Էլեկտրոնային համակարգի ներդրմամբ կբացառվեն ռիսկերը, կպարզեցվեն մի շարք ընթացակարգեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 12-ի լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն ասաց, որ այս դրույթը նախատեսված է քրեակատարողական համակարգի 2018-2038 թթ. ռազմավարական ծրագրով:

«Էլեկտրոնային ծառայությունները ներդնելով՝ մենք հնարավորություն կունենանք շատ խնդիրներ լուծել: Քրեակատարողական ծառայողների թիվը բավարար չէ: Սակայն նորագույն էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ կօպտիմալացնենք քրեակատարողական ծառայողների աշխատանքը»,-ասաց Քրմոյանը:

Բոլոր գործառույթները կիրականացվեն էլեկտրոնային եղանակով՝ դատապարտյալի գործի, տույժերի վարում, դիմումների ներկայացում: Նախնական մշակվել է էլեկտրոնային քրեակատարողական համակարգ, որը դեռ փորձարկման փուլում է: Մոտակա տարիներին համակարգը պետք է կատարելագործվի: Փաստաթղթերի կորելը բացառելու, տույժերի և ծանուցումների համակարգը հստակեցնելու նպատակով կներդրվեն նոր մոդուլներ:

«Հաճախ մենք ստիպված ենք լինում բողոքի համար հարցում կատարել քրեակատարողական վարչություն, հիմնարկ: Էլեկտրոնային համակարգի շնորհիվ մեր վերահսկողական ծառայությունն անմիջապես կարող է տեսնել անձի տույժերը, սոցիալական, ինչպես նաև առողջական խնդիրները»,-եզրափակեց նախարարի տեղակալը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում