«Փոխգործակցություն-2017» զորավարժություններին կմասնակցեն նաև ԿԽՄԿ ներկայացուցիչներ

«Փոխգործակցություն-2017» զորավարժություններին կմասնակցեն նաև ԿԽՄԿ ներկայացուցիչներ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2017» զորավարժությունների շրջանակներում բոլոր միջոցառումներն անցկացվում են մեկ սցենարով. Հայաստանի տարածքում անցկացվող զորավարժություններն ակտիվ փուլում են: Հոկտեմբերի 12-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը: «Զորավարժությունների հիմքում ընկած է կովկասյան տարածաշրջանում իրադարձությունների զարգացման հնարավոր տարբերակը: Հայաստանում երկրորդ անգամ ենք նման ծավալի զորավարժություններ անցկացնում: Առաջինը եղել էր 2012 թ.: Այդ ընթացքում շատ բան է փոխվել, ինչը հաշվի ենք առել ընթացիկ զորավարժությունները կազմակերպելիս»,- նշեց Սիդորովը:

Նա հավելեց, որ «Մարտական եղբայրություն» զորավարժությունները, որի մի փուլն են Հայաստանում անցկացվող «Փոխգործակցություն-2017» զորավարժությունները, ենթադրում է միջոցառումների ամբողջական համալիր` իրավիճակի հնարավոր սրացումից մինչև կարգավորում:

Զորավարժություններին, ընդհանուր առմամբ, մասնակցում են 2500 մարդ, 500 միավոր տեխնիկա և ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների 25 թռչող սարքեր: «Հավաքական ուժերի ղեկավարման նոր սխեման առաջին անգամ աշխատեց հենց այս զորավարժությունների ընթացքում: Հավաքական ուժերը զորավարժությունների ժամանակ գործում են պայմանական հակառակորդի դեմ»,- ասաց ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարը:

Զորավարժություններին կմասնակցեն նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ. նրանք կգործեն պայմանական հակառակորդի կրակի տակ ընկած վայրում:

Անատոլի Սիդորովն ընդգծեց, որ զորավարժություններում թերություններ, իհարկե, կան, սակայն, միևնույն ժամանակ, նա շեշտեց սպաների բարձր պրոֆեսիոնալիզմը, զորքերի մարտական պատրաստության բարձր մակարդակը:

«Փոխգործակցություն-2017» զորավարժությունները կավարտվեն հոկտեմբերի 13-ին: Այդ օրը տեղի կունենա մարտական կրակով ևս մեկ սցենարի խաղարկում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում