Ռուբեն Հակոբյանը արձագանքում է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագրի կողմից հնչեցված սպառնալիքներին

Ռուբեն Հակոբյանը արձագանքում է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագրի կողմից հնչեցված սպառնալիքներին

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագրի կողմից հնչեցված սպառնալիքներին:

Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.

ԵՐԲ ԽՄԲԱԳԻՐՆ ԱՆԴԱՍՏԻԱՐԱԿ Է ԵՒ ԲԱՆՍԱՐԿՈՒ…

«Լսի՛ լակոտ, ես քեզ արգելում եմ իմ թերթը կարդալ: «հրապարակը» քո նման ծախու ու հիվանդ հիմարների համար չի նախատեսված… եթե մի անգամ էլ անունս օգտագործեցիր, քո պատին մի բան դրեցիր՝ ոսկորներդ չես հավաքի… հետո չասես՝ չզգուշացրեցի…»:

«Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիրը ոսկրաջարդով է ահաբեկում «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Պետրոս Ղազարյանին, երբ նա փորձում է «ընդվզել» սույն տիկնոջ հերթական՝ զրպարտող լրատվության դեմ:

«Աշխատավարձս պահանջելու համար «հրապարակի» խմբագիրը սպառնում է ինձ վտարել տալ երկրից… այս տիկնոջ գործողությունները որակում եմ որպես ստորություն եվ սրիկայություն, որով նպատակ է հետապնդում արատավորելու իմ պատիվն ու արժանապատվությունը»:

Սա արդեն թերթի նախկին աշխատակից Ա.Թ.-ի գրառումն է՝ երբեմնի խմբագրի մասին:
«ԵՍ ԽՈՒԼԻԳԱՆ ՔՅԱՎԱՌ ՌՈՒԲՈՅԻՆ… ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԵՄ»:
Արդեն տեռակտով է ահաբեկում ինձ՝ իր կողմից ԱԺ գործուղված լրագրողի անցագրով խուլիգանին` սեռական բնույթի հայhոյանք տալու պատճառով ապտակելու համար:
Եվ էլի նույնաբնույթ բազմաթիվ գրառումներ` լրատվադաշտը մաքրամաքուր պահելու ու անարդարությունների դեմ զօր ու գիշեր անողոք պայքարող սույն խմբագրին հասցեագրված:

Ազատ մամուլի տանիքի տակ թաքնած հայոց ժամանակակից լրագրության այս «գլուխգործոցը», սեփական լրատվամիջոցն օգտագործելով, երեք տարի շարունակ անձնական նեղ ու ճղճիմ նկատառումներով փորձում է ինչ- որ հարցեր լուծել, ինձ համար անհասկանալի` ինչ- որ անբարո հաշիվներ պարզել: Նույնիսկ ԱԺ-ում իմ ունեցած ելույթների բովանդակություն է իր թերթում նենգափոխում՝ ՖԲ-յան ֆեյքերի միջոցով իմ ու ընտանիքիս հասցեին հայhոյանքներ կորզելով: Եվ բնական է, որ լրագրողի անվան տակ ԱԺ պետք է գործուղեր իր դաստիարակության եւ գրագիտության չափանիշներով մեկին, ով պետք է իրականացներ իր տիրուհու վաղեմի երազանքը: Չեմ թաքցնում՝ նրանց ծրագիրը ինչ- որ չափով հաջողեց՝ ճեպազրուցի ժամանակ մի քանի անգամ կրկնելով «ՀՅԴ գաղափարախոսությունը ընդամենը մեկ բառով բնորոշելու» հարց-օպերացիան: (https://www.youtube.com/watch?v=EaC98tXY0qM ): Ոլորտի պրոֆեսիոնալները դիտելով տեսաժապավենը, կարծում եմ, կնկատեն այս «լրագրողի» բացահայտ տգիտությունն ու անտեղյակությունը ժուռնալիստիկայի ժանրային առանձնահատկությունների եւ լրագրողի վարքականոնների մասին: Վերջին փամփուշտը, որը երիտասարդը պետք է օգտագործեր իր խմբագրապետուհու հրահանգը իրականացնելու համար՝ ժուռնալիստին ոչ հարիր պահվածքին դիտողություններիս` սեռական բնույթի հայոյանքներով պատասխանելն էր, ինչը, զայրույթի պահին անակնկալի գալով, ավարտվեց ապտակով: Իհարկե, դատապարտելի էր երեւույթը, ինչին ես անդրադարձա հաջորդ օրը ԱԺ նիստին, բայց խոստովանեմ՝ քաղաքակրթվածությանս աստիճանը դեռեւս չի հասել այն մակարդակի, երբ քո երեխայի տարիքի մեկը սեռական բնույթի հայhոյանք է տալիս` պետք է ժպտալ եւ ներողություն հայցելով՝ հեռանալ: Վստահ եմ՝ այս երիտասարդը փողոցում իրեն այդչափ լկտի չէր դրսեւորի՝ իսկապես տեղը-տեղին կդաստիարակեին: Իսկ ԱԺ-ն… Դե´, խոցելի մարմին է, պատգամավորին ամեն ինչ կարելի է վերագրել:

Ինչեւէ՝ երիտասարդի տիրուհու «Կանգ ա՛ռ, ակնթարթ»-ը ստացվեց: Վարձահատույց լինելու համար հաջորդ օրը խմբագիրը՝ ի պաշտպանություն իր հանձնակատարի, թերթում լալահառաչ վերնագրով լավաշ-հոդված տպագրեց ՝ «Մենք բոլորս Վահե Մակարյան ենք, Հրանտ Դինք ենք, Հուրամ Զաքի ենք …»: Մի խոսքով՝ Մեկ ու կես միլիոն+Վահե Մակարյան… Տիկի´ն, ամո´թ է… անբարո´ է… ճղճի´մ է… Փնտրե´ք այլ ոլորտներ ինքնաիրացվելու համար, ակնհայտ է, որ տիրապետու´մ եք անհրաժեշտ ռեսուրսների…

Որքան գիտեմ` բոլոր լրատվամիջոցներից ավելի՝ սույն թերթն է դատական տարբեր ատյանների միջանցքներում ու ինտրիգների դաշտում մշտապես հայտնվում` քաղաքացու անձնական ու ընտանեկան տեղաշորերը հոտոտելու, զրպարտչական լուրեր տարածելու, մարդկանց անունն ու արժանապատվությունն արատավորելու, հանրային ողջ-առողջ դեմքին «հավաստի» տեղեկություններով հուղարկավորելու, նոր կյանք մտնող երիտասարդ ընտանիքին պիտակավորելու եւ այլ՝ լուրջ ժուռնալիստիկայի հետ որեւէ աղերս չունեցող հրապարակումների պատճառներով:

Այսօր, թերեւս, ամենաանպաշտպան ոլորտներից մեկը լրատվադաշտն է, որտեղ անարգել կարող են հայտնվել տգետներ, բանսարկուներ, դրամաշորթեր, ձախողվածներ, չարախոսներ, անհատի եւ ընտանիքի հեղինակությունն արատավորող պատվեր կատարողներ: Մենք ունենք բազմաթիվ պրոֆեսիոնալ լրագրողներ եւ լրատվամիջոցներ, որոնք լավագույնս տիրապետում են ժուռնալիստի եւ ժուռնալիստիկայի վարքականոններին, ովքեր բարձր են գնահատում իրենց ստորագրության պատիվը: Բայց նրանց կողքին կան նաեւ այսպիսիները, ովքեր ուղղակի այլասերում ու ապականում են լրատվադաշտը՝ հասարակության մոտ անվստահություն առաջացնելով այս կարեւոր ոլորտի նկատմամբ:

Անկեղծ ասած՝ տհաճ էր ինձ համար անդրադառնալ նման դաստիարակությամբ ու վարքատեր այս տիկնոջ պահվածքին: Բայց վերջին օրերին 11 ամիս առաջ տեղի ունեցած այս միջադեպին յուր թերթի եւ իրեն կրկնօրինակող լրատվամիջոցների էջերում առանձին ոգեւորությամբ կրկին անդրադառնալը, նորից դատական անհեթեթ հայցեր ներկայացնելը ինձ ստիպեցին, թեկուզ տհաճությամբ, բայց այս տիկնոջը հասկացնել, որ թերթը PR-ելու համար փոխի´ր նրա բովանդակությունն ու որակը, ինքնադաստիարակվի´ր, փորձի´ր ծանոթանալ ժուռնալիստիկայի տարրական վարքականոններին: Իսկ, որ պակաս կարեւոր չէ` խնայիր այդ երիտասարդին, նրա տգիտությունն ու խուլիգանական հակումները մի´ օգտագործիր լրատվության հետ աղերս չունեցող ինչ-ինչ նենգ ծրագրեր իրականացնելու համար:

1.Հ.Գ. ԱԺ-ում այս տհաճ միջադեպի առիթով «Հրապարակի» խմբագիրը նախաձեռնեց ասուլիս, որտեղ «հավաստի» խորը կասկած հայտնվեց լրատվության ոլորտում իմ կրթական- մասնագիտական որակավորման մասին: Ստիպված եմ «հավաստիներին» հավաստիացնել, որ ավարտել եմ Ս.Պետերբուրգի /Լենինգրադի/ պետհամալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը, նույն ֆակուլտետում պաշտպանել եմ թեկնածուական թեզ, տարիներ շարունակ /1984-91/ աշխատել եմ Հեռուստառոդիոպետկոմում, ԱԺ չորս գումարումներին, որպես պատգամավոր, ընդգրկված եմ եղել Լրատվության հարցերով զբաղվող հանձնաժողովներում, եղել եմ նորանկախ Հայաստանի առաջին Մամլո ծառայության հիմնադիր-ղեկավարը (ՀՀ ԳԽ, 1990թ, հունիս):

2.Հ.Գ. Համոզված եմ, որ լրատավադաշտի որոշ ներկայացուցիչներ, նույնիսկ հոգու խորքում ընդունելով վերոշարադրվածի ճշմարտացիությունը, լրագրողական համերաշխությունից ելնելով, պաշտպանելու են իրեց կոլեգային, ինչպես հաճախ իշխանությունն է վարվում իր պաշտոնյաների անօրինականությունները պաշտպանելիս… Հոգ չէ, արդեն ծանոթ եմ:

Ուղղակի հորդորս՝ ինքներդ տեր կագնեք այս կարեւոր եւ ինտելեկտուալ ոլորտի արժանապատվությանն ու ստորագրությանը, թույլ մի տվեք, որ այն ապականեն ու այլասերեն կասկածելի նպատակներով լրատվադաշտ սողոսկվածները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում