ԱԻ նախարարությունը ստեղծել է օրենսդրական դաշտի բարելավմանն ուղղված նախագծերի մշակման աշխատանքային խումբ

ԱԻ նախարարությունը ստեղծել է օրենսդրական դաշտի բարելավմանն ուղղված նախագծերի մշակման աշխատանքային խումբ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների շրջանակում ներկայացրեց նախարարության հնգամյա ծրագրի կարեւոր ուղղությունները:

«Դրանք են թվային կապի կիրառմամբ աղետների վաղ ազդարարման եւ բնակչության իրազեկման ժամանակակից համակարգի ներդրումն ու զարգացումը, փրկարարական արագ արձագանքման ուժերի շարունակական զարգացումը, այդ թվում՝ անտառային հրդեհների մոնիթորինգի եւ կանխատեսման կարողությունների զարգացումը կամ ինժեներասակրավորային եւ կինելոգիական խմբերի կարողությունների զարգացումը, աղետների բժշկության համակարգի կատարելագործումը, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի կարողությունների զարգացումը, աղետների ռիսկերի կառավարման մասնագետների պատրաստման եւ վերապատրաստման համար, սեյսմիկ պաշտպանության եւ հիդրոմետ ծառայության աշխատանքների էական բարելավումը, մթնոլորտային ակտիվ ներգործության հակակարկտային ժամանակակից միջոցների կիրառմամբ գյուղատնտեսության կանխատեսելի զարգացման օժանդակումը»,-ասաց նա:

Նախարարն ընդգծեց, որ հատուկ ուշադրություն է դարձվում ոլորտի կարգավորման համապատասխան օրենսդրական դաշտի բարելավման ու համապատասխան քաղաքականության ձեւավորմանը:

«Մի շարք կանոնակարգերի մշակումը կնպաստի օրինակ՝ շենքերի եւ շինությունների սեյսմակայունության եւ հուսալիության բարձրացմանը, արտադրական վտանգավոր օբյեկտների նվազ ռիսկայնությամբ շահագործմանը»,- ասաց ԱԻ նախարարը՝ տեղեկացնելով, որ փոխնախարարի գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը սեղմ ժամկետներում կմշակի համապատասխան օրենսդրական եւ այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծեր:

Դավիթ Տոնոյանը նաեւ անդրադարձավ արտակարգ իրավիճակներում անդրսահմանային եւ միջազգային համագործակցության կարեւորությանը:

«Օրեցօր մարտահրավերները նոր պահանջներ են թելադրում մեր կարողությունների զարգացմանը: Ակնհայտ է, որ ոչ մի երկիր ի վիճակի չէ, աղետների մասշտաբներից ելնելով, համալիր կերպով ապահովել բոլոր անհրաժեշտ կարողությունները: Այս առումով կարեւոր է անդրսահմանային եւ միջազգային համագործակցությունը: Մեր տարածաշրջանում վերջերս տեղի ունեցած արտակարգ իրավիճակների եւ դրանց հետեւանքների վերացումը նման համագործակցության արդյունավետության ցայտուն օրինակ են»,-եզրափակեց նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում