Դավիթ Տոնոյանը վտանգ չի տեսնում Մեծամորի ատոմակայանի շահագործման հարցում

Դավիթ Տոնոյանը վտանգ չի տեսնում Մեծամորի ատոմակայանի շահագործման հարցում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը վստահեցնում է, որ Մեծամորի ատոմակայանի շահագործման հետ կապված անհանգստանալու որեւէ խնդիր չկա:

Նախարարն այս մասին ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների շրջանակում՝ պատասխանելով ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանի հարցին, թե վտանգավոր չէ՞, արդյոք, ատոմակայանի շահագործումը:

«Ատոմակայանի ռիսկայնությունը որոշակի վտանգի առումով եղել է հենց կառուցման և շահագործման պահից՝ Խորհրդային Միության ժամանակներից սկսած, մինչդեռ միջազգային կառույցների գնահատմամբ՝ եղել է համապատասխան զեկույց, եւ կառավարությունը նախագիծ է ներկայացրել: Ըստ միջազգային եզրակացությունների՝ երկրորդ էներգաբլոկը գործում է լիովին անվտանգ, իսկ մյուս էներգաբլոկի կարողություններն օգտագործվելու են երկրորդի ռիսկայնության նվազեցման համար»,- ասաց Դավիթ Տոնոյանը:

Վարդան Բոստանջյանի դիտարկմանը, թե Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի ընթացքում Էներգետիկ անվտանգության կոմիտեի կողմից ներկայացված զեկույցում ադրբեջանական պատվիրակությունը մտավախություն էր հայտնել, որ Մեծամորի ատոմակայանը տարածաշրջանի համար մեծ վտանգ է ներկայացնում, նախարարը պատասխանեց, որ ադրբեջանական կողմի նման գնահատականը անսպասելի չէ, մինչդեռ ինքը ոչ մի վտանգ չի տեսնում։

«Ադրբեջանական բոլոր գնահատականները, իհարկե, տեղեկատվական առումով պիտի լինեն ի վնաս մեզ», – եզրափակեց Դավիթ Տոնոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում