Սպիտակ տունը հրապարակել է Իրանի նկատմամբ Թրամփի նոր ռազմավարության հիմնական դրույթները

Սպիտակ տունը հրապարակել է Իրանի նկատմամբ Թրամփի նոր ռազմավարության հիմնական դրույթները

Միացյալ Նահանգները դիմակայելու է Իրանի ապակայունացնող ազդեցությանը եւ զսպելու է նրա ագրեսիան՝ այդ նպատակով ակտիվացնելով փոխգործակցությունը տարածաշրջանի մի շարք պետությունների հետ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, խոսվում Է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նոր ռազմավարության հիմնական դրույթներում, որոնք տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Առաջին կետն ազդարարում է, որ «Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների նոր ռազմավարությունն ուղղված է Իրանի կառավարության ապակայունացնող ազդեցության չեզոքացմանը եւ նրա արգեսիայի զսպմանը»:

«Մենք կակտիվացնենք մեր ավանդական դաշինքները եւ տարածաշրջանային գործընկերությունները՝ որպես պատվար Իրանի քայքայիչ գործունեության դեմ, ինչպես նաեւ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վերականգնման համար»,- նշվում է ռազմավարության երկրորդ կետում:

Երրորդ դրույթը հակազդեցություն է նախատեսում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ), «նրա չարամիտ գործողությունների ֆինանսավորմանը»: «Մենք կմիավորենք միջազգային հանրակցությունը ԻՀՊԿ-ի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների դատապարտման համար»,- ասված է մեկ այլ կետում: Մնացած երկու դրույթները վերաբերում են իրանական «բալիստիկ հրթիռների եւ ասիմետրիկ այլ զենքի» կողմից ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին սպառնալիքի հակազդմանը, ինչպես նաեւ միջուկային զենք ստանալու իրանական ռեժիմի բոլոր փորձերի կասեցմանը:

Ինչպես ավելի վաղ հայտարարել է Սպիտակ տունը, Թրամփը հոկտեմբերի 13-ին տեղական ժամանակով ժամը 12:45-ին (Երեւանի ժամանակով ժամը 20:45-ին), հանդես կգա հայտարարությամբ, որոնում կշարադրի Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր ռազմավարությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում