Իգնատի Առաքելյանն ընդունել է Վրաստանի գյուղնախարար Լևան Դավիթաշվիլիին

Իգնատի Առաքելյանն ընդունել է Վրաստանի գյուղնախարար Լևան Դավիթաշվիլիին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը, պաշտոնատար այլ անձինք:

Վրաստանի գյուղնախարարը Հայաստան է ժամանել ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հրավերով` մասնակցելու «ԱրմՊրոդԷքսպո» ագրոպարենային ապրանքների միջազգային ամենամյա ցուցահանդեսին: Ողջունելով հյուրերին` նախարար Առաքելյանը կարևորել է երկու հարևան երկրների միջև կապերի ամրապնդումն ու փոխգործակցության խթանումը գյուղատնտեսության ոլորտում, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող համատեղ ծրագրերի իրականացումը: Կողմերը մտքեր են փոխանակել գյուղոլորտում ընթացիկ տարվա ընդհանուր մակրոտնտեսական ցուցանիշների, բնակլիմայական պայմանների ազդեցությամբ արձանագրված զարգացումների շուրջ: Երկու երկրների գյուղատնտեսության նախարարները հատկապես կարևորել են փորձի և տեղեկատվության փոխանակումն ու համագործակցության զարգացումն ապահովագրական համակարգի ներդրման, անասնապահության` մասնավորապես ոչխարաբուծության ճյուղի զարգացման, օրգանական գյուղատնտեսության, ինտենսիվ այգիների հիմնման ուղղություններով:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային ձևաչափ մշակել համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները և համագործակցության առավել իրատեսական և շահավետ ուղղություններն ուսումնասիրելու նպատակով: Հանդիպման ավարտից հետո Իգնատի Առաքելյանը և Լևան Դավիթաշվիլին մեկնել են մասնակցելու «ԱրմՊրոդԷքսպո» ագրոպարենային ապրանքների միջազգային ամենամյա ցուցահանդեսի բացման արարողությանը: Նախատեսվում է նաև Վրաստանի գյուղնախարարի այցը մի շարք վերամշակող ընկերություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում