Կորյուն Նահապետյանը մոտակա ժամանակահատվածում չի ակնկալում Ադրբեջանի կողմից քաղաքականության վերանայում

Կորյուն Նահապետյանը մոտակա ժամանակահատվածում չի ակնկալում Ադրբեջանի կողմից քաղաքականության վերանայում

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացի վերսկսումը կարեւոր նշանակություն կարող է ունենալ բոլոր կողմերի համար:

Նա այս մասին ասաց հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումներից հետո՝ ի պատասխան լրագրողների հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ հոկտեմբերի 16-ին Ժնևում կայանալիք հանդիպումից:

Նրա խոսքով՝ ակնկալիքները գնահատելիս պետք է հաշվի առնել հանդիպմանը նախորդող ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունները:

«Այդ առումով որեւէ դրական բան չեմ կարող ասել, որովհետեւ Ադրբեջանը շարունակաբար խախտում է հրադադարի ռեժիմը, իրականացնում է ագրեսիվ գործողություններ, որոնք փաստում են միայն մի բանի մասին, որ հազիվ թե մոտակա ժամանակահատվածում կարելի է ակնկալել այդ երկրի քաղաքականության վերանայում: Բայց բոլոր դեպքերում սպասենք՝ տեսնելու համար, թե ինչ ընթացք կունենան այդ բանակցությունները: Գուցե որոշակի անակնկալներ լինեն այս պահին, որեւէ բան չենք կարող բացառել»,-ասաց Կորյուն Նահապետյանը:
Նա վստահեցրեց, որ հայկական կողմը հավատարիմ է իր դիրքորոշմանը, իսկ Սանկտ Պետերբուրգում ու Վիեննայում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները անհրաժեշտ է կյանքի կոչել:

«Հուսամ՝ այդ հանդիպման քննարկումների առանցքում կլինեն այդ հարցեր: Գիտենք, որ խոսքը միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման, ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի մանդատի ընդլայնման եւ ձեռք բերված մյուս բոլոր պայմանավորվածությունների իրականացման մասին է: Մենք հետեւողական ենք մեր մոտեցումներին. իհարկե, որոշակիորեն կարող են նոր, ճկուն մոտեցումներ ցուցաբերվել՝ կախված բանակցությունների ընթացքից»,-նշեց ԱԺ պատգամավորը՝ հավելելով, որ կարեւոր է Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, ինչի հարցում Հայաստանի Հանրապետությունն ունի իր ստանձնած պարտավորությունները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում