Ընտանեկան բռնությունների դեմ օրենքի նախագիծը ծառայում է փոքրաթիվ խմբերի շահերին

Ընտանեկան բռնությունների դեմ օրենքի նախագիծը ծառայում է փոքրաթիվ խմբերի շահերին

Գաղտնիք չէ, որ հասարակական կազմակերպությունների ճնշող մեծամասնության ֆինանսական միակ աղբյուրը դրամաշնորհներն են (գրանտ): Հարցն այն չէ, լավ է դա թե վատ: Դա իրենց գոյատևման միակ աղբյուրն է: Ցանկացած դրամաշնորհ տրվում է շատ կոնկրետ նպատակի համար ու պետք է ծառայի իր նպատակին, հակառակ դեպքում այդ հասարակական կազմակերպությունը կզրկվի հետագա մենաշնորհներից, իսկ դրանց ղեկավարները (հ/կ-ների ճնշող մեծամասնությունը հենց ղեկավարներով էլ սահմանափակվում է, առանց շարքային անդամներ ունենալու) կզրկվեն ապրուստի միջոցից: Իսկ ցանկացած մենաշնորհ հետապնդում է այն շահերը, որը ընկած է մենաշնորհ տրամադրող կազմակերպության քաղաքականության հիմքում:

Հայաստանում քաղաքացիական հասարակություն կոչեցյալը թյուրիմացաբար պայմանավորված է մեծամասամբ հենց այդ Հ/կ-ներից, որոնք չեն ներկայացնում հասարակության պահանջները, չեն արտահայտում հասարակության տրամադրություններն ու ձգտումները: Սովորաբար նրանք ներկայացնում են շատ կոնկրետ ու փոքրաթիվ թիրախային խմբեր, այդ խմբերի միասնական ու հավաքական շահերը, որն էլ տարբեր մանիպուլիացիոն եղանակներով ներկայացվում է որպես հանրային պահանջ ու հանրային շահ: Այնուհետև այն ներկայացվում է կառավարությանը, որն էլ ըստ նպատակահարմարության, գուցեև որևէ շոշափելի շահագրգրվածության արդյունքում այն վերածում է օրենքի ու հրամցնում հանրությանը:

Բնականաբար նախքան օրենքի ընդունումը կազմակերպվում են հանրային քննարկումներ, որին որպես հասարակության ներկայացուցիչներ մասնակցում են կրկին մեծամասամբ այն հ/կ-ները, որոնք հանդիսանում են այս կամ այն նախագծի հեղինակը:

Ստացվում է, որ հասարակության վզին մշտապես փաթաթվում են օրենքներ, որոնք ծառայում են շատ կոնկրետ անձանց շահերին ու ֆինանսական բարգավաճմանը: Ըստ այդմ հասարակությունը կրակն է ընկել մի շարք հասարակական կազմակերպությունների ձեռքը, որոնք զուրկ լինելով որևէ արժեհամակարգից, առաջնորդվում են բացառապես իրենց ու իրենց հովանավորող երկրների շահերով: Իհարկե այդ ամենը փաթեթավորվում է մարդու իրավունքների պաշտպանություն լոզունգով, որն այնքան լայն հասկացություն է, որ դրա տակ կարող ես տեղավորել այն ամենն, ինչ ցանկանում ես:

Օրինակ ես, հղում անելով մարդու իրավունքներին, կարող եմ պնդել, որ իմ ձեռքը իրավունք ունի օդում կատարելու անորոշ ու ազատ շարժում ու բնավ իմ մեղքը չէ, եթե այդ շարժման ընթացքում ձեռքս հանդիպում է որևէ մեկի այտին, ով ցրվածության պատճառով գլուխն ընդհուպ մոտեցրել էր ձեռքիս ազատ տեղաշարժման սահմաններին: Ավելին, կարող եմ նույնիսկ դատի տալ այդ գլխատիրոջը, որն իր գործողություններով խախտել է իմ իրավունքն ու կասեցրել ձեռքիս ազատ տեղաշարժը և որի արդյունքում ես ենթարկվել եմ հոգեբանական բռնության:

Բնականաբար նշված օրինակն ինձ թույլ չի տալիս իմ սուբյեկտիվ պատկերացումներից ելնելով դուրս գալ փողոց ու աջ ու ձախ մարդկանց ապտակել, սակայն մոտավորապես նույն ձգտումն ունեն վերոհիշյալ հասարակական կազմակերպությունները:

Բացի այդ, հասարակությունում աստիճանաբար սկսվում է նշմարվել մարդկային մի նոր տեսակ: Դա այսպես կոչված սույն հ/կ ներկայացուցիչներն են, որոնք իրենց կոչում են քաղհասարակություն և որի բոլոր անդամները անկախ սեռից ու տարիքից, գնալով նմանվում են իրար, թե՛ հագուստի, թե՛ խոսելաձևի, թե՛ պահվածքի, թե՛ ձգտումների և նույնիսկ սանրվածքի ու քայլվածքի առումով: Դա բնականաբար իրենց իրավունքն է և այստեղ որևէ դատապարտելի բան չկա, երբ մի խումբ մարդիկ նմանվում են իրար:

Սակայն դատապարտելին այն է, որ այդ նույն խումբը փորձում է իր մտածելակերպը, վարքն ու բարքը, պատկերացումներն ու ձգտումները տարածել ողջ հասարակության վրա:

Խոշոր հաշվով նույնիսկ այդ փորձը դատապարտելի չէ, որովհետև յուրաքանչյուր մարդ իրավունք ունի կրել գաղափարախություն և ունենալ հնարավորություն այդ գաղափարախոսությունն իրացնելու հասարակության լայն շրջանակներում:

Դատապարտելին այդ մոտեցումներն իրացնելու մեթոդոլոգիան է, այն պարտադրելու ձգտումները և հասարակության նկատմամբ վերջնական հաղթանակի հասնելու ջանքերը, հատկապես, երբ հաղթանակիդ իրագործման համար օգնության ես կանչում կառավարությանը:

Իսկ Հայաստանում կյանքը ցույց է տվել, որ ցավոք այս պահի դրությամբ հասարակությունն անզոր է կառավարության դեմ, հասարակությունն ու կառավարությունն օտարված են իրարից: Հայաստանում գրեթե չի եղել դեպք, երբ հասարակության ընդվզման արդյունքում կառավարությունը ետ կանգնի իր որոշումներից, հատուկենտ դեպքերում էլ կառավարությունը առաջնորդվել է բացառապես իր շահերով և իր իսկ կողմից բեմադրված նահանջը ներկայացրել որպես հասարակության հաղթանակ:

Նույնն էլ այս դեպքում, եթե կառավարությունը վերջնական հավանության արժանացնի ընտանեկան բռնությունների դեմ օրենքի այս նախագիծը ու այն մտնի խորհրդարան և ստանա օրենքի կարգավիճակ (մեզ մոտ խորհրդարանը վաղուց է ստանձնել կառավարության որոշումները դաջողի դերը), ապա կառավարությունը սույն հ/կ-ների հետ միասին կարող է տոնել իր հերթական պյուռոսյան հաղթանակը:

Արման ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում