ՀՀ ԿԳ նախարարությունը կազմակերպել է ՄԿՈՒ ոլորտում գործող դոնոր կազմակերպությունների համաժողով

ՀՀ ԿԳ նախարարությունը կազմակերպել է ՄԿՈՒ ոլորտում գործող դոնոր կազմակերպությունների համաժողով

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 13-ին կազմակերպել էին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում գործող դոնոր կազմակերպությունների համաժողով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Հանդիպման մասնակիցներին ողջունել է ԿԳՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը` նշելով, որ նախարարությունն անում է հնարավորը` վերականգնելու դոնոր կազմակերպությունների հետ պարբերաբար հանդիպումների ավանդույթը: «Ցանկանում եմ ուրախությամբ նշել, որ վերջին 1.5 տարվա ընթացքում դոնոր կազմակերպությունների թիվը հասել է 10-ի: ԿԳՆ-ի համար շատ կարևոր է դոնորների հետ աշխատանքը, քանի որ հնարավոր չէ միշտ պետբյուջեի միջոցներով իրականացնել ՄԿՈՒ ոլորտի ծրագրերը, որոնք երբեմն ավարտին ենք հասցնում հենց այս կազմակերպությունների ֆինանսական ռեսուրսների շնորհիվ: Հետևաբար, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր դոնորներին` ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումներին աջակցելու հանար»,– նշել է Արտակ Աղբալյանը` հույս հայտնելով, որ դոնորների հետ հանդիպումն այսուհետ կկրի պարբերական բնույթ: «Նման հանդիպումները շատ կարևոր են նաև այն իմաստով, որ ՄԿՈՒ ոլորտում գործող տարբեր կազմակերպությունները հնարավորություն կստանան ծանոթանալ միմյանց ծրագրերին, իսկ նախարարությունը, համակարգելով այդ ծրագրերը, կբացառի նաև կրկնությունները»,-նշել է նա` ընդգծելով, որ նմանատիպ լայն քննարկումների արդյունքում կնախանշվեն 2018թ. թիրախները և ռազմավարական ուղղությունները:

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի «ՄԿՈւ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանի խոսքով` հանդիպման նպատակը ՄԿՈՒ ոլորտում գործող բոլոր դոնոր կազմակերպությունների երկխոսության և քննարկման հարթակ ստեղծելն է` միավորելով ոլորտում գործող դոնոր կազմակերպություններին և այն շահագրգիռ կառույցներին, որոնք նպաստում են Հայաստանում ՄԿՈՒ համակարգի զարգացմանը: Նրա խոսքով` հարթակի հիմնական նպատակը կլինի ոլորտում ծրագրերի համակարգումը, փորձի փոխանակումը և ծրագրի արդյունքների տարածումը:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՆ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը ներկաներին է ներկայացրել ՄԿՈՒ 2017-2021թթ. բարեփոխումների ծրագրի հիմնական դրույթները և իրականացվող բարեփոխումները: Այնուհետև մի շարք դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ հանդես են եկել զեկույցներով` ներկայացնելով իրենց կազմակերպությւոնների կատարած աշխատանքը: Մասնավորապես, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի «ՄԿՈւ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի փորձագետ Յուլյա Ստակյանը ներկայացրել են վերոնշյալ ծրագրերը, Ավստրիայի զարգացման գործակալության կրտսեր հետազոտող Մերի Մուրադյանը` «Օրգանական գյուղատնտեսության կրթական մոդուլի ինտեգրում ՄԿՈւ ոլորտում» ծրագիրը, Գլոբալ զարգացումներ հիմնադրամի փոխտնօրեն Լիլիթ Բեգլարյանը` Գլոբալ զարգացումների հիմնադրամի համագործակցությունը ՄԿՈւ ոլորտի դոնորների հետ, ԿԳՆ ՄԿՈՒ քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետ Արմենուհի Պողոսյանը` «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» ԵՄ բյուջետային աջակցության ծրագիրը՝ ուղղված գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացման միջոցով աշխատաշուկայի արդյունավետության և ՄԿՈՒ շրջանավարտների զբաղունակության բարձրացմանը, Աշխատանքի միջազգային կազմակերպության (ILO) Հայաստանում ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանը` «Մեծ քսանյակի ուսուցման ռազմավարության կիրարկում» ծրագրի 2-րդ փուլը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) ներկայացուցիչ Վահագն Պողոսյանը` կրթության ոլորտում իրականացվող ծրագրերը, Սեյվ դը Չիլդրեն հայաստանյան գրասենյակի «Մասնագիտական կրթություն և զբաղվածություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար» ծրագրի համակարգող Անահիտ Երնջակյանը` «Մասնագիտական կրթություն և զբաղվածություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար» ծրագիրը: Զեկույցներին հաջորդել է բուռն քննարկում, որի ընթացքում նախանշվել են համագործակցության հնարավոր եզրերը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում