Էդ Ռոյսն ու Ադամ Շիֆն աջակցում են «Հազարամյակների մարտահրավերներ»-ի միջոցով Հայաստանին 100 մլն դոլար տրամադրելու նախաձեռնությանը

Էդ Ռոյսն ու Ադամ Շիֆն աջակցում են «Հազարամյակների մարտահրավերներ»-ի միջոցով Հայաստանին 100 մլն դոլար տրամադրելու նախաձեռնությանը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը հայտարարել են «Հազարամյակների մարտահրավեր»-ի միջոցներից Հայաստանում գիտության, արհեստագործության և ճարտարապետության դասավանդման համար 100 միլիոն դոլարի աջակցություն տրամադրելու նախաձեռնությանը սատար կանգնելու մասին: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Էդ Ռոյսն ընդգծել է, որ «Հազարամյակների մարտահրավերներ»-ի կողմից իրականացվելիք ներդրումը կարող է մեծապես նպաստել Հայաստանի հետ առևտրային հարաբերությունների զարգացմանը՝ հաշվի առնելով վերը նշված ոլորտներում Հայաստանի հնարավորությունները:

Ադամ Շիֆը իր հերթին կարծիք է հայտնել, որ մինչ այդ «Հազարամյակների մարտահրավերներ»-ի կողմից Հայաստանին տրամադրված օգնությունը էականորեն նվազեցրել է գյուղական համայնքներում աղքատության մակարդակը՝ շեշտելով, որ կրթական ոլորտում նման ներդրում իրականացնելու նախաձեռնությունն ինքը ողջունում է: «Ինչո՞ւ չի կարող Հայաստանը Սիլիկոնյան հովիտին նմանվել»,- նշել է Շիֆը:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարյանը ողջունել է Էդ Ռոյսի և Ադամ Շիֆի աջակցությունը՝ շեշտելով, որ առնվազն 100 միլիոն դոլարի ներդրումը հատկանշական պետք է լինի երկրում աղքատության մակարդակը նվազեցնելու և տնտեսական նոր հնարավորություններ ստեղծելու տեսանկյունից՝ միաժամանակ նպաստելով հայ-ամերկյան տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն այդ աջակցությունը ապահովելու համար սերտ համագործակցում է ամերիկյան վարչակազմի անդամների և կոնգրեսականների հետ, խորհրդակցություններ է անցկացնում ամերիկյան համալսարանների հետ, որոնք կարող են դերակատարում ունենալ ծրագրի իրականացման մեջ:

«Հազարամյակների մարտահրավերներ» կորպորացիան Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնի կողմից հիմնադրված և 2004թ.-ից գործող անկախ կառույց է, որի նպատակն է համակարգել երկրի կողմից տրվող արտաքին օժանդակությունները: Գործունեության ընթացքում այն տրամադրել է ավելի քան 10 միլիարդ դոլարի օժանդակություն տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանին: Հայաստանը 2006թ. գյուղական շրջանների զարգացման ծրագրի իրականացման համար 200 միլիոն դոլարի աջակցություն է ստացել:

Գիտության, արհեստագործության, ճարտարագիտության դասավանդման ծրագրերի համար «Հազարամյակների մարտահրավերներ»-ն ավելի վաղ 140 միլիոն դոլարի աջակցություն է տրամադրել Վրաստանին, որի փորձը կարող է օրինակ ծառայել Հայաստանում ևս նման ծրագիր իրականացնելու համար, որովհետև Հայաստանումարհեստագործության ոլորտը զարգացնելու մեծ հնարավորություններ կան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում