Նախկին 915 համայնքի փոխարեն հանրապետության համայնքների թիվը կկազմի 506-510. Դ. Լոքյան

Նախկին 915 համայնքի փոխարեն հանրապետության համայնքների թիվը կկազմի 506-510. Դ. Լոքյան

«Արարատ» հեռուստաընկերության «Հետհաշվարկ» հաղորդաշարի եթերում Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն անդրադարձել է համայնքների խոշորացման կամ, ինչպես ինքն է ասում, օպտիմալ կառավարման ներկա փուլին ու անելիքներին։

Ոլորտի պատասխանատուն նախ շտապեց հանգստացնել խոշորացման ենթակա գյուղերի բնակիչներին՝ հաավստիացնելով, որ գործընթացի արդյունքում ոչ մի գյուղ քարտեզից չի վերանա, չի անվանափոխվի և առանց լիազոր ներկայացուցչի չի մնա։ Նա նաև հավելեց, որ բարեփոխման տրամաբանության մեջ չկա ո´չ դպրոցների, ոչ էլ հիվանդանոցների օպտիմալացման խնդիր։

Նշելով, որ համայնքերի խոշորացման նպատակը կառավարման օպտիմալացումն է՝ նախարարը հիշեցրեց, որ պետբյուջեից համայնքային բյուջեներ էր ուղղվում տարեկան 48 միլիարդ դրամ ու, այդուհանդերձ, խոշորացված բնակավայրերի մոտ 90 տոկոսը հնարավորություն չէր ունենում ծառայություն մատուցելու բնակիչներին։

Ըստ Լոքյանի՝ համաձայն ԱԺ համապատասխան օրենսդրական ակտի՝ առաջիկայում հանրապետությունում կստեղծվեն 54 միավորված բնակավայրեր, որոնք կներառեն ավելի քան 400 առանձին բնակավայրեր։ Արդյունքում նախկին 915 համայնքի փոխարեն նոյեմբերի 5-ից հետո հանրապետության համայնքների թիվը կկազմի 506-510։

Նախարարի խոսքով՝ մինչև 2019թ. խոշորացման գործընթացը պետք է ավարտվի։ Մինչ այդ, համայնքային ռեսուրսների ճիշտ կառավարման համար ձեռնարկները պատրաստվել և ուղարկվել են հասցեատերերին, իսկ տնտեսական զարգացման ծրագրերը մշակման փուլում են։

Պարզաբանելով խոշորացված համայքներում բազմաֆունկցիոնալ սպասարկման կենտրոններ ստեղծելու վարչապետի վերջին հանձնարարկանը՝ ոլորտի պատասխանատուն նշեց. «Գյուղացին կկարողանա թոշակի, նպաստի, հաշմանդամության, ինչպես նաև թղթաբանության հետ կապված ցանկացած խնդրի լուծումը ստանալ տեղում»։

Խոշորացման գործընթացի կատարված և կատարվելիք քայլերի մասին ավելի մանրամասն՝ տեսանյութում.

Հետևեք մեզ նաև Telegram-ում