Ջինիշյան հիշատակի հիմնադրամը նշեց գործունեության 50-րդ տարելիցը

Ջինիշյան հիշատակի հիմնադրամը նշեց գործունեության 50-րդ տարելիցը

Ջինիշյան հիշատակի բարեգործական հիմնադրամը (Ջինիշյան հիշատակի ծրագիր) այս տարի տոնում է իր գործունեության 50-րդ տարելիցը: Այդ առիթով հոկտեմբերի 14-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպվեց միջոցառում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ջինիշյան հիշատակի ծրագրի ԱՄՆ գրասենյակի տնօրեն Էլիզա Մինասյանը լրագրողներին ասաց, որ հիմնադրամը ստեղծվել է բարերար Վարդան Ջինիշյանի կտակի հիման վրա, ով, տեսնելով Ցեղասպանության ժամանակ տեղահանված հայերի վիճակը, ցանկացել է թողնել իր ողջ ունեցվածքը նրանց։

«Վարդան Ջինիշյանի կտակի համաձայն՝ մեր հիմնադրամը նպաստում է հայերի բարեկեցիկ կյանքին ողջ աշխարհում։ 1966 թվականից ի վեր բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել Լիբանանում, Ստամբուլում, Երուսաղեմում և այլ քաղաքաներում։ Գործունեությունը սկսել ենք անմիջական օգնության ծրագրերով՝ առողջապահական, սոցիալական նպաստներ, երեխաների ամառային ճամբարներ և այլն։ 15 տարի առաջ կարևորեցինք զարգացման ծրագրերը, որոնք ուղղված են խնդիրների պատճառները ուղղելուն, այլ ոչ թե հետևանքները մեղմելուն»,- նշեց Էլիզա Մինասյանը։

Ծրագիրն իրականացվել է Հայաստանի բոլոր համայնքներում և Արցախում։ ԱՄՆ գրասենյակի տնօրենն ընդգծեց, որ վերջերս Հայաստանի գյուղական համայնքներում իրականացրել են բուժքույրերի վերապատրաստում։ Ստեղծվել են վերպատրաստման գրասենյակներ Արցախում և Հայաստանում։

«Սկսել ենք իրականացնել դպրոցական բանավեճերի, ինչպես նաև երիտասարդական ծրագրեր։ Այսօր Հայաստանի 100-ից ավելի դպրոց ներգրավված է մեր ծրագրում, որոնց միջոցով հմտություններ և գիտելիքներ ենք փոխանցում երիտասարդներին, որպեսզի նրանք դառնան հասարակության ակտիվ և տեղեկացված անդամ»,– հավելեց նա։

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն է նշեց, որ Ջինիշյան հիմնադրամի Սիրիայի գրասենյակն ամբողջ նվիրումով աշխատում է։ «Ես շնորհակալ եմ Ջինիշյան ծրագրից, որ հասել է նաև Վրաստան, օգնում է մեր ջավախահայությանը և վրացահայությանը, որ Հայաստանի անկախության օրերից նա եղավ Հայաստանում և իր մեծագույն աջակցությունն ու օգնությունը բերեց հայոց աշխարհի կայացմանն ու զարգացմանը»,– նշեց ՀՀ սփյուռքի նախարարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում