ՏԻՄ ընտրություններ. Արտաշատում և Գորիսում կուսակցություններից թեկնածուներ է առաջադրել միայն ՀՀԿ-ն

ՏԻՄ ընտրություններ. Արտաշատում և Գորիսում կուսակցություններից թեկնածուներ է առաջադրել միայն ՀՀԿ-ն

Հայաստանի 10 մարզերի 49 համայնքներում 2017 թ. նոյեմբերի 5-ին տեղի կունենան համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ: Նոյեմբերի 5-ին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ կանցկացվեն նաև Արարատի մարզի Արտաշատ, Սյունիքի մարզի Գորիս և Լոռու մարզի Շիրակամուտ համայնքներում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետն ավարտվել է:

Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն անկուսակցական Արտակ Սարգսյանը և Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Կարեն Բենիամինյանը:

Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել են ՀՀԿ-ական Առուշ Առուշանյանը, ով Գորիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է, անկուսակցական Էրիկ Աղաջանյանը, անկուսակցական Սամվել Հարությունյանը և ՀՀԿ-ական Արշակ Մկրտչյանը, ով ինքնաառաջադրվել է:

Լոռու մարզի Շիրակամուտ համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն 4 թեկնածու` անկուսակցականներ Արտեմ Գալստյանը, Աշոտ Երանոսյանը, Արթուր Նալբանդյանը և ՀՀԿ-ական Արկադի Երանոսյանը:

ՏԻՄ հերթական ընտրություններին տարբեր մարզերի քաղաքներում թեկնածուների գերակշիռ մասին առաջադրել է իշխող Հանրապետական կուսակցությունը: Առաջադրված մյուս թեկնածուներն անկուսակցական են կամ ինքնաառաջադրված ՀՀԿ-ականներ:

Միայն Սյունիքի մարզի Սիսիան համայնքում գործող քաղաքապետի հետ կպայքարի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրած թեկնածուն:

Խորհրդարանում ներկայացված մյուս երկու քաղաքական ուժերը` «Ելք» դաշինքն ու ՀՅԴ-ն, քաղաքներում համայնքի ղեկավարի պաշտոնի համար դեռևս որևէ թեկնածու չեն առաջադրել: ՀՅԴ-ն մի քանի գյուղական համայնքներում թեկնածուներ առաջադրել է, իսկ «Ելք» դաշինքն անգամ գյուղերում դեռևս առաջադրումներ չունի: ԲՀԿ-ն, բացի Սիսիան քաղաքից, մի քանի գյուղական համայնքներում ևս թեկնածուներ առաջադրել է:

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն անկուսակցական Հովհաննես Ալեքսանյանը և Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Կարեն Եղիազարյանը, ով Ապարանում հայտնի «Գնթունիք» խանութի սեփականատերն է:

Արարատի մարզի Արարատ քաղաքի քաղաքապետի պաշտոնում իրենց թեկնածությունն են առաջադրել ՀՀԿ-ական, գործող քաղաքապետ Հայկ Հայկյանը և անկուսակցական Արտյոմ Պողոսյանը:

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն երկու ՀՀԿ-ական թեկնածուներ և մեկ անկուսակցական թեկնածու: Ճամբարակ համայնքի ղեկավարի պաշտոնում իրենց թեկնածությունն առաջադրել են անկուսակցական Վազգեն Ադամյանը, ՀՀԿ-ական, Ճամբարակի գործող քաղաքապետ Յուրիկ Ավալյանը և ՀՀԿ-ական Վիգեն Սահակյանը, ով ինքնաառաջադրվել է: Վիգեն Սահակյանը նախկինում եղել է Գեղարքունիքի մարզի Թթուջուր համայնքի ղեկավարը:

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն միանգամից երեք ՀՀԿ-ականներ, որոնցից երկուսն ինքնաառաջադրվել են: Իշխող կուսակցությունը Վարդենիսի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրել է գործող քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի թեկնածությունը, ՀՀԿ-ականներ Կարեն Մկրտչյանը և Արամ Հարությունյանն ինքնաառաջադրվել են:

Լոռու մարզի Ալավերդի քաղաքի համայնքի ղեկավարի պաշտոնում առայժմ առաջադրվել է մեկ թեկնածու` Սասուն Խեչումյանը: Նրա թեկնածությունն առաջադրել է իշխող ՀՀԿ-ն: Նույն պատկերն է նաև Ստեփանավան քաղաքում: Առայժմ միակ գրանցված թեկնածուն գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Միքայել Ղարաքեշիշյանն է:

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն գործող քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, ում թեկնածությունն առաջադրել է ՀՀԿ-ն, և անկուսակցական Արտավազդ Ալեքսանյանը:

Սյունիքի մարզի Կապան քաղաքի համայնքի ղեկավարի պաշտոնում թեկնածություն են առաջադրել երկու ՀՀԿ-ականներ: Կապանի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն գործող քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը և Կարեն Հակոբյանը: ՀՀԿ-ն Կապանում կսատարի գործող քաղաքապետ Աշոտ Հայրապետյանին:

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն գործող քաղաքապետը` ՀՀԿ-ական Արթուր Սարգսյանը և ԲՀԿ-ական Կարեն Համբարձումյանը: Նույն մարզի Քաջարան քաղաքում առայժմ առաջադրվել է մեկ թեկնածու` գործող քաղաքապետ Մանվել Փարամազյանը:

Ընտրությունները լուսաբանելու համար լրատվամիջոցները կարող են հավատարմագրվել մինչև հոկտեմբերի 21-ը: Ընտրությունները դիտարկելու համար դիտորդական առաքելությունները ևս պետք է մինչև հոկտեմբերի 21-ը անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնեն ԿԸՀ: Այս պահի դրությամբ հավատարմագրվել է մեկ դիտորդական կազմակերպություն` «Միացյալ առաջնորդների պալատ»-ը, որը հավատարմագրել է 102 դիտորդի:

Ընտրությունները լուսաբանելու համար ԿԸՀ-ում այս պահին հավատարմագրվել են 4 լրատվամիջոց: «Գեղամա» հեռուստաընկերությունը հավատարմագրել է 14, «Շանթ» հեռուստաընկերությունը` 7, Հայաստանի հանրային ռադիոն` 2, «Կենտրոն» հեռուստաընկերությունը` 22 ներկայացուցիչ:

Նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հոկտեմբերի 24-ին և կշարունակվի մինչև նոյեմբերի 3-ը ներառյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում