«Արմենպրես»-ի տնօրենը Սոչիում մասնակցել է ԱՊՀ երկրների ազգային լրատվական գործակալությունների խորհրդի նիստին

«Արմենպրես»-ի տնօրենը Սոչիում մասնակցել է ԱՊՀ երկրների ազգային լրատվական գործակալությունների խորհրդի նիստին

Սոչիում մեկնարկել է Անկախ պետությունների համագործակցության երկրների ազգային լրատվական գործակալությունների խորհրդի 23-րդ նիստը: Նիստին մասնակցում է նաև «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, ով մասնակիցներին ներկայացրել է գործակալության ֆոտոարխիվը թվայնացնելու աշխատանքները և «history.armenpress.am» կայքի հնարավորությունները: «Իր պատմությունը 1918թ․ սկսած Հայաստանի ամենահին լրատվական գործակալությունն ունի իր տեսակի մեջ եզակի թվային նախագիծ՝ «Արմենպրես. Պատմություն», որը հնարավորություն է տալիս նորանոր ծրագրեր ու նախաձեռնություններ իրականացնել ֆոտոլրատվության ոլորտում։ Վստահ եմ, որ նորացված կարողություններով ու գործիքակազմով մենք բազմաթիվ առիթներ կունենանք զարմացնելու մեր բաժանորդներին ու ընթերցողներին»,- ասել է Արամ Անանյանը: Նա հավելել է, որ թվայնացված բոլոր լուսանկարների օգտագործման, ինչպես նաև հեղինակային և հարակից իրավունքները պատկանում են բացառապես «Արմենպրես» լրատվական գործակալությանը:

2018թ. ԱՊՀ երկրների պետական լրատվական գործակալությունների փոխգործակցության ակտուալ խնդիրների վերաբերյալ ելույթ է ունեցել ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Սերգեյ Միխայլովը:

Ղազախական «Կազինֆորմ» լրատվական գործակալության աշխատանքները ներկայացրել է գործակալության գլխավոր տնօրեն Ասկար Ումարովը:

Բելառուսական «Բելտա» լրատվական գործակալության տնօրեն Դմիտրի Ժուկն անդրադարձել է գործընկերային համագործակցության ակտուալ հարցերին, ինչպես նաև ներկայացրել միջգործակալական լրատվական տեղեկատուի ձևավորմանը:

ԱՊՀ երկրները ժամանակակից իրականությանն ադապտացնելու և զարգացմանը միտված այլ հարցերի վերաբերյալ ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի որոշումը իրականացնելու աշխատանքների ընթացքի մասին կզեկուցի ԱՊՀ գործադիր կոմիտեի տեղեկատվական-վերլուծական դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Զավարինը:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև Անկախ պետությունների համագործակցության երկրների ազգային լրատվական գործակալությունների խորհրդի հաջորդ նիստի տեղն ու ժամկետները:

Նիստին մասնակցել է նաև ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում