Անկախացումից ի վեր հայկական մամուլը և՛ հաջողություններ, և՛ բացթողումներ է ունեցել. այսօր Հայկական մամուլի օրն է

Անկախացումից ի վեր հայկական մամուլը և՛ հաջողություններ, և՛ բացթողումներ է ունեցել. այսօր Հայկական մամուլի օրն է

Հայաստանի կառավարության որոշմամբ 2004 թվականի ապրիլի 22-ից «Մամուլի աշխատակցի» տոնը հաստատվել է որպես «Հայկական մամուլի օր», որը նշվում է հոկտեմբերի 16-ին: Անկախացումից ի վեր հայկական մամուլի ձեռքբերումների, ներկայիս խնդիրների մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանի հետ:

«Անկախությունից հետո հայկական մամուլը հեղափոխություն ապրեց, քանի որ միակուսակցական մամուլից անցում կատարվեց մամուլի բազմակուսակցական համակարգի, կրպակներում անթիվ, անհամար պարբերականներ հայտնվեցին, որոնք անդրադառնում էին բազմաթիվ թեմաների: Անկախության մեծագույն ձեռքբերում եմ համարում մամուլի ազատությունը. այն առանց գրաքննության, կարծիքը հասարակությանը բացահայտ ներկայացնելու հնարավորություն տվեց լրատվամիջոցներին: Այդ հանգամանքը ժողովրդավարական հասարակության կարևոր մասն է»,-նշեց Գևորգյանը:

Նա ընդգծեց, որ այդ ժամանակներից սկսած` մամուլը դարձավ առավել ազնիվ ու մարտական, նաև բացահայտ քննադատական հոդվածներ սկսեցին լույս տեսնել, որոնցում վեր էին հանվում բոլոր մակարդակների իշխանավորների թերացումները, սխալները կառավարման գործում:

Նաև մեր իսկ պատմությունը, անաչառ լուսաբանմամբ, դարձավ մեր հասարակության սեփականությունը: Եվ դա արվեց մամուլի օգնությամբ: «Կարծում եմ` առանց ԶԼՄ-ների նվիրյալների շատ բան բաց կմնար մեր հասարակական կյանքում, և աճող սերունդը նվազ տեղեկություն կունենար նախորդ տասնամյակներում տեղի ունեցած իրադարձությունների մասին»,-ասաց ՀԺՄ նախագահը:

Գևորգյանն անդրադարձավ նաև ազատ մամուլի բացթողումներին` նշելով, որ այն շատ դեպքերում հանգեցրեց անպատժելիության զգացողության: «Իհարկե, կա մի ճշմարտություն, որի համաձայն ժողովրդավարական հասարակությունում պետք է լինեն ներկապնակի բոլոր գույները` դեղին մամուլ, կուսակցական մամուլ, անկախ մամուլ և այլն, սակայն դրա շնորհիվ մենք կորցրեցինք փաստարկված նյութերի առատությունը, ստորագրության պատիվն ու, որոշ դեպքերում, նաև պատասխանատվությունը: Կայքերի ի հայտ գալուց հետո պարբերական մամուլը սկսեց մարել: Գոյատևելու համար բազմաթիվ լրատվամիջոցներ անթույլատրելի ճանապարհներ են ընտրում. Թերություններն անձնավորում, հրապարակավ վիրավորում են մարդկանց, չհաստատված փաստեր շրջանառության մեջ դնում»,-շեշտեց Աստղիկ Գևորգյանը:

Նրա խոսքով`Հայաստանում, դժբախտաբար, ձևավորվում է պատվերի ինստիտուտը: Ըստ նրա՝ պատվիրված հոդվածի տպագրությունն անչափ տհաճ երևույթ է և՛ մամուլի, և՛ հասարակության համար: «Հուսամ, որ ժամանակի ընթացքում այդ հարցը կլուծվի, և մենք կվերադառնանք բարձր մակարդակ ունեցող, պատասխանատու մամուլին: Ճշգրիտ տեղեկություններ հաղորդող լրատվամիջոցները, ստուգված փաստերի հիման վրա գրված հոդվածները, մեր պետությանը, իշխանություններին, կօգնեն բուժել հասարակության վերքերն ու լրացնել բացթողումները»,- եզրափակեց ՀԺՄ նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում