ՀՀ տարբեր մարզերում հիմնվելու են տեխնոպարկեր

ՀՀ տարբեր մարզերում հիմնվելու են տեխնոպարկեր

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում նախարար Դավիթ Լոքյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը և « Կաճար տեխնոպարկ» ՍՊԸ-ի տնօրեն Ժորա Սարգսյանը հոկտեմբերի 16-ին ստորագրել են համագործակցության մասին համաձայնագիր: Համաձայնագրով ՏԿԶ և ԿԳ նախարարությունները պարտավորվել են ՀՀ տարբեր մարզերում իրենց ենթակայության տակ գտնվող նախատեսված գույքը անհատույց օգտագործման իրավունքով հանձնել հիմնադրամին և ընկերությանը, իսկ վերջիններս էլ նախատեսված տարածքներում հիմնելու են տեխնոպարկեր, որտեղ ներգրավված կազմակերպությունները կազմակերպելու են տեղեկատվական տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիական մշակումների, ինժիներիայի և տեխնոպարկերի ցանցի կառուցման համար դասընթացներ:

Նախարար Դավիթ Լոքյանը անդրադառնալով ստորագրված համաձայնագրին, ասել է, որ քառակողմ փաստաթուղթը հնարավորություն է ընձեռելու Հայաստանի մի շարք քաղաքային բնակավայրերում ստեղծել տեխնոպարկեր: «Հայաստանում և Արցախում «Փյունիկ» հիմնադրամի ծավալած աշխատանքին լավատեղյակ եք, և այսօր էլ հիմնադրամի և «Կաճար տեխնոպարկ» ՍՊԸ-ի, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի մասնակցությամբ ստորագրեցինք համաձայնագիր, որի արդյունքում մեր երիտասարդները 9-ից մինչև 1 տարի ուսուցում են ստանալու: ՀՀ ԿԳ նախարարությունը՝ Լևոն Մկրտչյանի գլխավորությամբ, և մեր նախարարությունը պետք է ապահովենք շենքային պայմանները, իսկ «Փյունիկ» հիմնադրամի օժանդակությամբ «Կաճար տեխնոպարկ» ընկերությունը պետք է դրանք վերանորոգի, հագեցնի համապատասխան սարքավորումներով »,-ասել է Դավիթ Լոքյանը:

Նրա տեղեկացմամբ, առաջին նման կենտրոն Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում է բացվելու, որտեղ շուրջ նվազագույնը 300 երիտասարդ են վերապատրաստվելու: «Մենք ունենք այն քաղաքների ցանկը, որոնք պետք է ներառվեն այս ծրագրի մեջ: Շուրջ 20 քաղաք արդեն ունենք առանձնացված, որոնք հերթականությամբ ներգրավվելու են այս գործընթացում, և հաջողության պարագայում ծրագիրն ավելի ընդգրկուն է դառնալու»,-ասել է նախարար Լոքյանը:

Դասընթացների ժամանակ մասնակիցներին տրամադրվելու են բարձր տեխնոլոգիական գիտելիքներ, ինչպես նաև հնարավորություն են ստեղծելու ուսում անցած անձանց տեխնոպարկում ապահովել համապատախան գործունեությամբ և տարածքներով: «Փյունիկ» հիմնադրամը և « Կաճար տեխնոպարկ» ՍՊԸ պարտավորվել են իրենց տրամադրվելիք տարածքներում իրենց միջոցների հաշվին կատարել ընթացիկ վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ, ինչպես նաև ապահովել համապատասխան տեխնիկայով:

«Կաճար տեխնոպարկ» ՍՊԸ-ի հիմնադիրներից Արմեն Մանուկյանն էլ իր խոսքում կարևորելով կառավարության հետ համագործակցությունը, նշել է, որ այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կիրառվում են համակարգեր, որոնք թույլ են տալիս մարդուն ոչ թե գնալ աշխատանքի վայր, այլ աշխատավայրը մոտեցնել իրեն: «Մեր խնդիրն է ունենալ մարդ, որը բարձր որակավորմամբ կկարողանա աշխատել եվրոպական շուկաների համար: Սկսում ենք մի ծրագիր, որը մեր երիտասարդներին տրամադրելու է համապատասխան գործիքային միջոցներ ու գիտելիքներ, որոնց միջոցով էլ կկարողանան դրսևորել իրենց կարողությունները: Ծրագրի իմաստը բարձր տեխնոլոգիաների ուսուցումն է, ինչպես նաև աշխատանքով ապահովումը տեխնոպարկի ներսում. մարդը ֆիզիկապես գտնվելու է տեխնոպարկում, իսկ վիրտուալ գործիքակազմի օգնությամբ աշխատելու է եվրոպական և ամերիկյան շուկաներում»,-ասել է Մանուկյանը:

«Կաճար տեխնոպարկ» ՍՊԸ-ի հիմնադիրներից Ժորա Սարգսյանի տեղեկացմամբ էլ, ծրագրի շրջանակներում նախատեսում են տրամադրվել 3 տարվա աշխատանքային պայմանագրեր: «Մեր հիմնական նպատակներց մեկն էլ հենց մարզերում մեր երիտասարդներին աջակցելն է, որպեսզի իրենց բնակավայրերում ապահովենք հեռանկարային աշխատանքով»,-ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում