Մարիամի` Սալվադոր Դալիից ստացած «ժառանգությունն» ու պատահական ծնված հոբբին

Մարիամի` Սալվադոր Դալիից ստացած  «ժառանգությունն» ու պատահական ծնված հոբբին

Նկարիչ-ձևավորող Մարիամ Գրիգորյանի ճաշակն ու երևակայությունը բնական քարերի և գունավոր ապակիների օգնությամբ մարմին են ստանում, կնքվում Մայա Դալի անվամբ և ներկայացվում արվեստ սիրողներին արդեն 6 տարի: Ն. Հովնաթանի անվան արվեստի համալսարանի սանը վիտրաժով սկսել է զբաղվել պատահականորեն: «Աշխատանքի ընդունվելու նպատակով գնացել էի Ռուբեն ստուդիա: Այնտեղ պետք է աշխատեի որպես նկարիչ-ձևավորող, բայց տեսնելով, թե ինչ կարելի է ստանալ գունավոր ապակիներից, ուղղակի հրապուրվեցի: Որոշ ժամանակ աշխատելով`սովորեցի վիտրաժներ սարքել: Ասեմ, որ աղջիկ վիտրաժիստ լինելը շատ դժվար է, բայց այդ գործում ինձ շատ է օգնել ստուդիայի տնօրենը: Ի վերջո, դարձա այն, ինչ դարձա ու բացեցի իմ արհեստանոցը»,-կյանքի շրջադարձային իրադարձության մասին ժպիտով պատմում է շատերին Մայա Դալի անվամբ հայտնի Մարիամ Գրիգորյանը:

Մարիամը հանգամանքների բերումով է ձեռք բերել ինչպես հոբբին, այնպես էլ կեղծանունը: Նույն անուն-ազգանունով երկու համակուրսեցիներից տարբերելու համար Մարիամը դարձավ Մայա: Եվ քանի որ դեռ ուսանողական տարիներից նկարիչ-ձևավորողը հրապուրված էր Սալվադոր Դալիի արվեստով, Մայային միացավ Դալին ու Մարիամ Գրիգորյանն արվեստի աշխարհ մտավ Մայա Դալի անվամբ:

Աշխատավարձով գնելով առաջին գործիքը` ապակի կտրելու հարմարանքը, Մայա Դալին տարբեր բնական քարերի և գունավոր ապակիների համադրությամբ, «տիֆընի» տեխնոլոգիայով սկսեց ստանալ ոչ միայն հետաքրքիր զարդեր, այլև ջահեր ու առաստաղներ:

Իր աշխատանքը բիզնես որակել չի սիրում Մարիամը, ասում է` եթե բիզնեսի համար աշխատեի, ապա Հայաստանում չէի լինի. «Վիտրաժը արտերկրում շատ ավելի բարձր է գնահատվում, քան Հայաստանում, ես կարող էի գնալ Հայաստանից, բայց չգնացի, որովհետև, նախ` այստեղ է իմ ընտանիքը, և երկրորդ` ինչ ստեղծում եմ, ստեղծում եմ հաճույքով, ուզում եմ, որ մարդիկ կրեն իմ պատրաստած զարդերը և բավականություն ստանան դրանցից, զգան` ինչ է արվեստը: Առաջնայինը ինձ համար երբեք բիզնեսը չի եղել»:

Վիտրաժիստը համագործակցության և հովանավորության առաջարկներ բազմիցս է ստացել, բայց չի ընդունել, քանի որ, իր խորին համոզմամբ, հոգով ազատ մարդը կաղապարներ չի կարող հանդուրժել` հատկապես ստեղծագործական աշխատանքում: Աշխատելով հիմնականում պատվերներով`Մայա Դալին ստեղծում է պատվիրատուների ճաշակին համապատասխան գործեր, բայց երբեք չի խեղդում սեփական երևակայությունը: «Եթե ստեղծեմ ճիշտ այնպես, ինչպես պատվիրատուն է ուզում, ապա կդադարեմ արվեստագետ լինել: Ճանաչելով հաճախորդներիս, նրանց ճաշակը` ստեղծում եմ այն, ինչը գիտեմ, որ հավանելու են»,-ասում է նա:

 

Իսկ այն, որ Մայա Դալիի աշխատանքներն, իրոք, հավանում են, վկայում է պատվիրատուների բազմազան ու մեծաթիվ շրջանակը. Յուրահատուկ ոճ ունեցող վիտրաժիստի աշխատանքները պակաս պահանջարկ չունեն նաև արտասահմանում: Ասում է` պատվերներն այնքան շատ են, որ չի հասցնում, հաճախորդների ճաշակներն էլ` ըստ երկների, հասցրել է հասկանալ. «Ռուս կանայք շատ են սիրում վառ գույներով հավաքած գործեր, ֆրանսիացիները, ինչպես նաև ֆրանսահայերը, նրբաճաշակ են: Նրանք նախընտրում են ավելի մեղմ ու նուրբ զարդեր»: Իսկ հայ հաճախորդների մասին ընդհանրական կարծիք Մայա Դալին դժվարանում է արտահայտել, քանի որ նրանք և´ նրբաճաշակ են, և´ սիրում են խառը ոճեր ու գույներ:

Նկարիչների միության անդամ, քանդակագործ, նկարիչ Սարգիս Գրիգորյանի թոռնուհին երբեք չի քննադատում մարդկանց ճաշակները, այլ, ինչպես ինքն է ասում, փորձում է ստեղծել գործեր, որոնք հաճույք կպատճառեն տարբեր ճաշակների տեր մարդկանց:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում