«Հայկական ժամանակ». Պաղաղբյուրի միջնակարգ դպրոցի փակման պատճառով աշակերտ ունեցող ընտանիքները տեղափոխվել են Մեծավան գյուղ

«Հայկական ժամանակ». Պաղաղբյուրի միջնակարգ դպրոցի փակման պատճառով աշակերտ ունեցող ընտանիքները տեղափոխվել են Մեծավան գյուղ

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Լոռու մարզի Պաղաղբյուրի գյուղապետ Արուսյակ Դումիկյանը հայտնել է, որ Պաղաղբյուրի միջնակարգ դպրոցի փակման պատճառով նախորդ տարի աշակերտ ունեցող ընտանիքները հեռացել ու տեղափոխվել են Մեծավան գյուղ։ Նա նշել է, որ դպրոցը փակվել է 2016թ.-ի փետրվարի 1-ին: Գյուղի աշակերտները ուսումը շարունակում են Մեծավանի և Ձյունաշողի դպրոցներում.

«Իրենք ընտանիքներով տեղափոխվեցին Մեծավան, ամառը այստեղ են ապրում, ձմռանը` Մեծավանում: Մեծավանում շատ ազատ տներ կային, խոսեցինք, տեղափոխվեցին էնտեղ»,-նշել է վերջինս՝ հավելելով, որ դպրոցը չի փակվել, պարզապես միացվել է Մեծավանի դպրոցին. «Աշակերտների թիվը երբ կշատանա, կբացենք»:

Գյուղապետի խոսքով` դպրոցի փակման հետ կապված գործազուրկ են դարձել գյուղի դպրոցի բոլոր աշխատակիցները, բացի պահակից. «Դպրոցը նախարարությունով չի փակվել, եթե երեխաների թիվը ավելանա, անմիջապես կբացեն»: Գյուղապետի խոսքով` գյուղից ժամանակավոր հեռացումը բնակչության մոտ դժգոհություն չի առաջացրել. «Մենք սարերի արանքի գյուղ ենք, բոլորից կտրված, ոչ խանութ ունենք, ոչ տրանսպորտ ունենք, ամեն ինչ կտրված գյուղ է…էնտեղ երևի ավելի լավ է»:

Թերթը հիշեցնում է, որ Պաղաղբյուր համայնքը 103 բնակիչ ունի: Սահմանակից է Վրաստանի հանրապետությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում