Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի շրջանակում բազմաբովանդակ միջոցառումներ կանցկացվեն

Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի շրջանակում բազմաբովանդակ միջոցառումներ կանցկացվեն

Հայաստան-Ռուսաստան դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի կապակցությամբ Ռուսաստանում նոյեմբերի 15-23-ը կանցկացվեն Հայաստանի մշակութային օրեր: Բազմաբովանդակ ցուցահանդեսներ, համերգային ծրագրեր և այլ միջոցառումներ կիրականացվեն Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Հայաստանի մշակույթի նախարարության Արտաքին կապերի վարչության պետ Լուսինե Քարամյանի հետ:

«Միջոցառումների պաշտոնական մեկնարկը կտրվի նոյեմբերի 15-ին Տրետյակովյան պատկերասրահում: Այնտեղ կբացվի Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Նույն օրը Մոսկվայի հայոց եկեղեցական համալիրի տարածքում խաչքարերի ցուցահանդես կբացվի, այնուհետև կկայանա «Հովեր» երգչախմբի համերգը: Հայաստանի մշակույթի նախարարությունը ժամանակակից խաչքար կնվիրի եկեղեցուն»,-նշեց Քարամյանը:

Նա ընդգծեց, որ միջոցառումների ցանկը բավականին մեծ է և ընդգրկուն: «Մենք փորձել ենք ներկայացնել հայկական մշակույթի բոլոր շերտերը՝ ներառելով դասական երաժշտությունը, կերպարվեստը, քանդակագործությունը և այլն»,- շեշտեց վարչության պետը:

Նոյեմբերի 17-24-ը Ռուսաստանի ժամանակակից պատմության պետական թանգարանում կբացվի Արա Հարությունյանի քանդակների և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը: Լուսինե Քարամյանի խոսքով՝ ցուցադրվելու են այն գործերը, որոնք ներկայացված են Ռուսաստանի տարբեր թանգարաններում, մասնավոր հավաքածուներում:

«Շատ եմ կարևորում հատկապես նոյեմբերի 18-ին Պ. Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի մեծ դահլիճում կայանալիք համերգային ծրագիրը՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և առաջատար օպերային երգիչներ Հասմիկ Թորոսյանի, Լիպարիտ Ավետիսյանի մասնակցությամբ: Համերգը կղեկավարեն չորս դիրիժոր՝ Կոնստանտին Օրբելյանը, Սերգեյ Սմբատյանը, Էդուարդ Թոփչյանը և Վլադիմիր Սպիվակովը: Կարծում եմ, նրանք հիանալի մշակութային տոն կպարգևեն»,- ասաց Լուսինե Քարամյանը:

Նոյեմբերի 22-ին Նկարիչների կենտրոնական տանը տեղի կունենա «Հայաստանի տարրերը» համալիր միջոցառում: Կներկայացվեն հայկական կերպարվեստը, արծաթագործությունը, տարազները, կհնչեն դուդուկ և ջազ երաժշտություն:

Միջոցառումների փակման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգի պետական ակադեմիական կապելլայում: Եզրափակիչ համերգային ծրագրում հանդես կգան Վահագն Հայրապետյանի ջազային կվինտետը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը:

Քարամյանը շեշտեց, որ Ռուսաստանի հայկական համայնքում միջոցառումների մասին տեղեկություններ տարածելու պարտավորվածությունն իր վրա է վերցրել Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը: Նա հավելեց, որ մշակութային օրերի շրջանակում Ռուսաստանում հյուրախաղերով հանդես կգան Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը, Հայաստանի պարի պետական անսամբլը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը, Հայաստանի պետական ջազ նվագախումբը:

Անդրադառնալով հաջորդ տարի արտերկրում իրականացվելիք միջոցառումներին՝ Լուսինե Քարամյանն ասաց, որ հաջորդ տարի քաղաքակրթական ցուցահանդեսներ կանցկացվեն Պեկինում, Չեխիայում, Վարշավայում և Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում: Մետրոպոլիտենում կներկայացվեն ցուցանմուշներ Հայաստանի պատմության թանգարանից, Մատենադարանից ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում