ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայ պատգամավորներն արժանի հակահարված են տվել ադրբեջանցիների հակահայկական քարոզչությանը

ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայ պատգամավորներն արժանի հակահարված են տվել ադրբեջանցիների հակահայկական քարոզչությանը

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ավարտված նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակության անդամները արդյունավետ հակազդել են ադրբեջանցի պատվիրակների հակահայկական քարոզչությանը:

Ազգային ժողովում կայացած ասուլիսի ընթացքում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը հայտնեց, որ քաղաքական հարցերի հանձնաժողովում Ռուսաստանի հետ կապված զեկույցի քննարկման ժամանակ ադրբեջանցիները փորձել են ընդգծել Ռուսաստանի բացասական դերակատարումը հակամարտությունների ստեղծման և կարգավորման հարցերում: «Մասնավորապես, Հայաստանի մասով այսպիսի ուղղակի անդրադարձ եղավ, որ Ռուսաստանը արտոնյալ պայմաններով զենք է վաճառում Հայաստանին: Քանի որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Ռուսաստանը ներկայացված չէ, ադրբեջանցիները փորձում են արևմտյան երկրների ներկայացուցիչների մոտ ցույց տալ, որ Ռուսաստանը բացասական դերակատարում ունի մեր տարածաշրջանում: Մենք, իհարկե, արձագանքեցինք այս ամենին և հստակեցրինք, թե ինչի մասին է խոսքը: Նախ մենք նշել ենք, որ հակառակը՝ հենց Ադրբեջանն է և Ռուսաստանից, և բազմաթիվ այլ երկրներից ձեռք բերում հարձակողական զենք-զինամթերք և ահռելի գումարներ է ծախսում դրա վրա»,- ընդգծեց Նահապետյանը

Նա հավելեց, որ եվրոպացի խորհրդարանականներն արդեն հոգնել են նման իրավիճակներից, երբ ադրբեջանցի պատվիրակներն ամեն անգամ հանդես են գալիս օրակարգից դուրս ելույթներով: Կորյուն Նահապետյանը շեշտեց, որ իրենք արձագանքում են ադրբեջանական պատվիրակությանը, երբ նրանք փորձում են սուտ տեղեկատվություն տարածել, սակայն զգում են, որ եվրոպացի պատվիրակներն արդեն հոգնել են այդ բախումներից, քանի որ նույն մարդիկ միշտ նույն բաներն են ասում՝ օգտագործելով այդ հարթակը:

ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանն էլ ընդգծեց, որ անվտանգության և քաղաքացիական չափման հանձնաժողովում քննարկվել է զեկույց՝ կապված Սևծովյան տարածաշրջանի խնդիրների հետ, որի ժամանակ ադրբեջանցիները ևս փորձել են հակահայկական դրույթներ ներառել զեկույցում: «Նրանք փորձում էին այդ փաստաթղթում ավելի լայն մեկնաբանության հիմք ստեղծել այդ փաստաթղթի, որտեղ խոսք էր գնում Սև ծովին ուղիղ հարող երկրների մասին: Նրանք փորձում էին զեկույցում ներառել ՙՍև ծովի ավազանին հարող երկրներ՚ ձևակերպումը, որպեսզի Ադրբեջանը նույնպես ներառեն, իսկ դրանից հետո մյուս հարցերը վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, այդ համատեքստում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և սուվերենությանը: Այդ առաջարկներից որևէ մեկը չանցավ, քանի որ հիմնական զեկուցողը քարտեզի վրա ցույց տվեց Սև ծովը և դրան ուղիղ հարող երկրները՝ նշելով, որ Ադրբեջանին օրակարգի հարցը չի վերաբերում»,- մանրամասնեց Մարուքյանը:

Մարուքյանը «մանր ժուլիկություն» որակեց ադրբեջանցի պատվիրակների կողմից ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Ռուսաստանը որպես հակամարտությունների կարգավորմանը խանգարող երկիր ներկայացնելու փորձերն այն պարագայում, երբ այլ հարթակներում նրանք շատ սերտ համագործակցում են Ռուսաստանի հետ: «Նրանք օգտվում են այն հանգամանքից, որ այս քննարկումների ընթացքում Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի ներկայացուցիչները քննադատում են Ռուսաստանին, խոսում են իրենց տարածքային ամբողջականության մասին՝ բացասական լույսի ներքո ներկայացնելով Ռուսաստանի դերը և փորձում են ցույց տալ, թե տեսեք ինչքան վատն է Ռուսաստանը, որն օգնում է նաև հայերին: Սա բոլորն են տեսնում, իսկ մենք շատ լավ տեսնում ենք, թե նրանք ինչպես են տարբեր ոլորտներում համագործակցում Ռուսաստանի հետ, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում»,- եզրափակեց Մարուքյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում