Վահե Էնֆիաջյանն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենքի նոր նախագծի նկատմամբ լավատեսորեն տրամադրված չէ

Վահե Էնֆիաջյանն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենքի նոր նախագծի նկատմամբ լավատեսորեն տրամադրված չէ

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակի քննարկման վերաբերյալ խորհրդարանական լսումների շրջանակում անդրադարձավ նոր նախագծի 6-րդ հոդվածին, որը վերաբերում է վարչապետին կից ընտանեկան բռնության կանխարգելման խորհրդի ստեղծմանն ու գործունեությանը: Նա Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին, մասնավորապես, հարցրեց, թե ո՞րն է խորհուրդը վարչապետին կից ստեղծելու նպատակը, երբ վարչապետին կից արդեն իսկ ստեղծված են 20-ից ավելի խորհուրդներ, որոնցից շատերի վերջին նիստն անցկացվել է տարիներ առաջ:

«Այս տենդենցներով լավատեսություն հաղորդել հնարավոր չէ: Ընտանիքներում խնդիրներն ու տարաձայնությունները հիմնականում կապված են տնտեսական եւ սոցիալական վիճակի հետ, մինչդեռ այդ խորհուրդների բիզնես, սոցիալական թեմաներով նիստերը տեղի են ունեցել 5-6 տարի առաջ, ինչի՞ մասին է խոսքը»,-ասաց նա:

Վիգեն Քոչարյանն, ի պատասխան պատգամավորի հարցադրմանը, նշեց, որ այդ խորհուրդները կարեւոր օղակ են գործադիր իշխանության եւ հանրության երկխոսության համար:

«Տեղյակ չեմ այդ բոլոր խորհուրդների գործունեությունից, սակայն կարող եմ վկայել, որ գործարարության աջակցման խորհրդի նիստերին ես մասնակցել եմ մոտ երկու-երեք ամիս առաջ, եւ գուցե այստեղ հիշատակված խորհուրդների գործունեությունն ավելի հստակ լուսաբանելու խնդիր կա, որ այդպիսի հարցադրումներ չառաջանան»,-ասաց փոխնախարարը:

Վահե Էնֆիաջյանն արձագանքեց, թե այսօր թիվ մեկ խնդիրը պետք է լինի ընտանիքներում տնտեսական, սոցիալական վիճակի բարելավման ամրապնդումը, դրա նկատմամբ ուղղված քայլերը:

Արդարադատության փոխնախարարն էլ ընդգծեց, որ Կառավարության հիմական նպատակը պետք է լինի քաղաքացիների ընտանիքների նաեւ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը:

«Կարծում եմ, Կառավարության գործող ծրագիրը դրան է միտված»,-հավելեց Վիգեն Քոչարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում