Երևանում ԵՄ աջակցությամբ էլեկտրոնային կառավարման ծրագրեր են ներդրվել

Երևանում ԵՄ աջակցությամբ էլեկտրոնային կառավարման ծրագրեր են ներդրվել

Տարբեր բնագավառներում ներդրվել և գործարկվում են էլեկտրոնային կառավարման ծրագրեր, որոնք իրականացվում են Եվրոպական Միության աջակցությամբ։
Էլեկտրոնային կառավարման ծրագրերն ուղղված են պետության գործունեության թափանցիկության ապահովմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների հասանելիության և որակի բարձրացմանը։

«Էլ-կառավարման համակարգերի մշակում արդարադատության ոլորտում» թեմայով շնորհանդեսի ժամանակ, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ էլեկտրոնային ծառայությունների մատուցումը շատ կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից։

2017 թվականին որպես էլեկտրոնային ժողովրդավարության գործիք ներդրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքը։ Այն ապահովում է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առցանց հանրային քննարկում կազմակերպելու և ներկայացված առաջարկները ամփոփելու գործուն մեխանիզմ։ Այն ուղղված է պետության իրավաստեղծ գործունեությանը հասարակության մասնակցության ապահովմանը, իրավական ակտերի նախագծերի մշակման առավել բաց, թափանցիկ ու հաշվետու գործընթացի կազմակերպմանը։ Մեկ այլ էլեկտրոնային գործիք է էլեկտրոնային նոտարի համակարգը։ ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվել են e-notary.am կայքի արդիականացման աշխատանքներ։ Դրա արդյունքում ստեղծվել է բոլոր նոտարական փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով գեներացնելու, առցանց եղանակով նոտարին որոշակի հարցումներ ուղարկելու հնարավորություն, զարգացել՝ նոտարական ծառայությունների համար նախապես առցանց դիմելու համակարգը։

«Մենք պետք է խստացնենք պատասխանատվությունը կոռուպցիայի համար և ծախսենք որոշ ռեսուրսներ, որպեսզի փորձենք բացահայտել կոռուպցիոն դրսևորումները, որից հետո էլ կծախսենք ռեսուրսներ, որպեսզի այն մարմիններում, որոնց վրա դրված է վերահսկողությունը, նույնպես վերանա կոռուպցիան։ Որոշ ոլորտներում կարելի է ընտրել ավելի պարզ ճանապարհ՝ էլեկտրոնային ծառայությունների մատուցում։ Մենք այսօր արդեն ներդրել ենք այդ ծառայությունները, և դրանք պահանջված են։ Սա նշանակում է, որ մենք արդյունավետ ուղի ենք ընտրել և կարող ենք այդ ուղիով շատ արագ առաջ գնալ։ Որոշ ծառայություններ աճի արագության հաշվին կրկնապատկվում են մի քանի ամիսը մեկ։ Սա նշանակում է, որ մեր հասարակությունը պատրաստ է, և պետությունը պետք է կատարի իր պարտավորությունը՝ մատուցելով այդ ծառայությունը»,- նշեց Դավիթ Հարությունյանը, կարևորելով բոլոր ներդրված համակարգերը։

Արդարադատության նախարարության կողմից ներդրվել է նաև էլեկտրոնային ապոստիլի e-apostille.am համակարգը, որը հնարավորություն է ընձեռում փաստաթղթերն ապոստիլով վավերացնելու դիմումներն ընդունել էլեկտրոնային եղանակով, իսկ ստացված ապոստիլների վավերականությունը ստացող պետության իրավասու մարմինը կարող է ստուգել առցանց։

ԵՄ արտակարգ և լիազոր դեսպան, պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ասաց, որ Հայաստանի քաղաքացիները կարող են օգուտ քաղել հաջողությամբ ներդրված և արդեն իսկ գործարկվող էլեկտրոնային կառավարման ծրագրերից։
«Շատ կարևոր է մեզ համար այս ամենը, քանի որ ցանկանում ենք, որպեսզի հասարակ քաղաքացին զգա, որ մեր համագործակցությունն ունի արդյունք։ E-apostille.am կայքի շնորհիվ Հայաստանից դուրս ապրող ՀՀ քաղաքացիները կարող են լինել դրա հիմնական շահառուները։ Իմ կարծիքով, յուրաքանչյուրը, ով դրսում կարիք ունի որևէ գործարք կատարել, հաստատ կգնահատի այս կայքը։ Օրենսդրական նախաձեռնությունների հրապարակման e-draft.am կայքը, կարծում եմ, շատ լավն է, և դրա շնորհիվ կարելի է գրավել սեփական քաղաքացիներին օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ քննարկումների գործընթացում։ Այս ծրագրերը կարող են կողմնակի արդյունքներ ունենալ, բոլորը նպաստում են կոռուպցիայի նվազեցմանը, օգտակար են չարաշահումներին վերջ դնելու գործում։ ԵՄ-ի համար այս ծրագիրը նույնպես շատ կարևոր է, քանի որ միտված է ապագային՝ Հայաստանում ներդրվում է տեխնոլոգիայի «վերջին խոսքը»։ Այս ծրագրերը այլ պետությունների, անգամ ԵՄ երկրների համեմատ ավելի առաջատար երկիր են դարձնում Հայաստանը։ Ուրախ ենք, որ Հայաստանը փորձում է յուրացնել և կիրառել նոր տեխնոլոգիաները»,- նշեց Պյոտր Սվիտալսկին։
Նրա խոսքով՝ իրենք մտածում են նոր, կարևոր հանձնառություններ ստանձնել ԵՄ-ի կողմից, որպեսզի կարողանան մոտ 20 մլն եվրո գումար ծախսել՝ Հայաստանում նոր էլեմենտներ ներդնելու էլեկտրոնային կառավարման համակարգում։

«Կարևոր էլեմենտներ են հանդիսանում՝ էլեկտրոնային նույնականացումը, էլեկտրոնային առողջ ապահովությունը, որը, իմ կարծիքով, ՀՀ քաղաքացիները շատ գնահատեն»,- ընդգծեց ՀՀ-ում ԵՄ արտակարգ և լիազոր դեսպանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում