Քաղտեխնոլոգը մինչեւ ապրիլ Սարգսյան-Ալիեւ եւս մեկ հանդիպում է կանխատեսում

Քաղտեխնոլոգը մինչեւ ապրիլ Սարգսյան-Ալիեւ եւս մեկ հանդիպում է կանխատեսում

ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների մասնակցությամբ հոկտեմբերի 17-ին Ժնեւում տեղի ունեցած Սարգսյան-Ալիեւ հանդիպումն այս անգամ տարբերվել է նախորդներից:

Լրագրողների հետ հանդիպմանը քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նշեց, որ հանդիպումն այս անգամ լավատեսական է անցել եւ, կարծես թե, հայկական կողմի օրակարգային մի քանի հարցի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել: «Հանդիպումը կառուցողական էր, եւ հիմնական թեզն այն էր, որ կողմերը պայմանավորվել են շփման գծում լարվածությունը նվազեցնելու շուրջ: Հաջորդ մեսիջը Սերժ Սարգսյանի սփյուռքահայերի հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունն էր, որ կողմերը կոնֆլիկտի լուծման տարբերակի վրա դեռեւս դուրս չեն եկել, եւ երրորդ մեսիջը, որ հնչեց ՀՀ Նախագահի կողմից` Արցախի հարցն էր»,-ասաց քաղտեխնոլոգը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ հանդիպումից հետո համատեղ հայտարարությունը ստորագրեցին ոչ միայն համանախագահները, այլեւ երկու երկրների արտգործնախարարները, ինչը նշանակում է, որ հայտարարության մեջ չկան կետեր, որոնք հակասում են այս կամ այն կողմի շահերին:

Վիգեն Հակոբյանը առանձնացրեց նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առանձնազրույցի պահին արված լուսանկարը, որը լուսանկարչական հաղորդագրություն էր այն բանի, որ ինչ-որ գործընթաց, այնուամենայնիվ, մեկնարկել է, եւ որը շարունակություն է ունենալու: Քաղտեխնոլոգի կանխատեսումներով մնչեւ 2018 թվականի ապրիլը նախագահները եւս մեկ անգամ կհանդիպեն եւ գուցե այդ անգամ անդրադառնան արդեն բուն փաստաթղթին:

Վիգեն Հակոբյանը ուշագրավ համարեց այն հանգամանքը, որ հանդիպումը լուսաբանելիս ադրբեջանական կողմը հիմնականում օգտվել է հայկական աղբյուրներից եւ մինչ այսօր որեւէ պաշտոնական կամ ոչ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում