Շարմազանովն անհեթեթ է որակել Նովրուզ Մամեդովի հայտարարությունը

Շարմազանովն անհեթեթ է որակել Նովրուզ Մամեդովի հայտարարությունը

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովի հայտարարությանը, թե ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը խախտել է Ժնևում կայացած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը և բանակցությունների վերաբերյալ մանրամասներ է հայտնել Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը նշեց, որ Նովրուզ Մամեդովն ակնհայտորեն ընկալման խնդիր ունի: «Թե իր, թե Ադրբեջանի այն պաշտոնյաների հայտարարությունները, ովքեր փորձում են պատրանք ստեղծել, թե Նախագահը հանդիպումից անմիջապես հետո ցանկացել է մանրամասներ հնչեցնել ու պայմանավորվածություն է խախտել, ոչ այլ ինչ են, քան անհեթեթություններ», – նշեց Էդուարդ Շարմազանովը:

Ինչ վերաբերում է երկու կարևորագույն կետերին, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում և, որ կարևորն անվտանգության խնդիրն է, դա հայկական կողմն ասել է և տասը տարի առաջ, և այսօր, և ասելու է վաղը: «Մենք որևէ կապ չունենք բանակցությունների մանրամասների հետ և կարիք չկա հանրությանն ու միջազգային հանրությանը փորձել շփոթության մեջ դնել», – ասաց ՀՀԿ խոսնակը:

Նրա խոսքով` ՀՀ Նախագահի խոսքը՝ անվտանգության կարևորության ու Արցախի հետ կապված, որևէ կապ չունի բանակցությունների մանրամասների հետ, իսկ ինչ վերաբերում է բանակցությունների մանրամասներին, ՀՀ նախագահն ասել է այն, ինչ հրապարակային տվել է Մինսկի խումբը: «Իսկ Արցախի հետ կապված՝ Մամեդովը չլինի, ով ուզում է լինի, Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, հայկական կողմը ևս մեկ անգամ կրկնում է», – հավելեց Շարմազանովը:

Մամեդովի հայտարարությանն արձագանքել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նա, արձագանքելով Նովրուզ Մամեդովի հայտարարությանը, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը. «Բաքվեցի ժամկետանց մանր չինովնիկը նորից բաց թողեց լռելու և իր սահմանափակ լինելը ի ցույց չդնելու հնարավորությունը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում