Բակո Սահակյանը «Երախտագիտության» մեդալ է շնորհել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահին

Բակո Սահակյանը «Երախտագիտության» մեդալ է շնորհել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Եվրոպահայության չորրորդ համագումարի պաշտոնական բացման արարողության շրջանակում «Երախտագիտության» մեդալ շնորհեց ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանին: Այնուհետեւ նախագահը հանդես եկավ ողջույնի խոսքով եւ ընդգծեց, որ արժեւորում է նման միջոցառումները, որոնք ըստ նրա՝ լավ հարթակ են համազգային խնդիրների, դրանց լուծման ուղիների եւ հետագա անելիքների նախանշման, համատեղ նոր ծրագրերի մշակման եւ իրականացման համար:

«Ճակատագրի բերումով աշխարհի տարբեր ծայրերում հայտնված հայության համար չափազանց մեծ նշանակություն ունեն այսպիսի հանդիպումները: Կարծում եմ՝ բոլորը համակարծիք կլինեն մեզ հետ, որ այս պահի դրությամբ Եվրոպայի Հայ դատի գրասենյակն ամենաարդյունավետ գործող կազմակերպություններից է: Առիթ ունեցել եմ վերջին տարիներին հայտնել իմ տեսակետն ու վերաբերմունքը՝ գրասենյակի կատարած աշխատանքների հետ կապված: Մեզ անհրաժեշտ է մեր համազգային նպատակների իրականացման ճանապարհին ոչ միայն ռազմաճակատում հաջողություններ արձանագրել, այլև գործել ամբողջ ճակատով: Այդ առումով խիստ արտահայտված, ընդգծված առաքելություն իրականացնողներից մեկն է Եվրոպայի Հայ դատի գրասենյակը»,-ասաց Բակո Սահակյանը՝ երախտագիտություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր սատարում են Արցախին եւ անում հնարավոր ամեն ինչ տարբեր ատյաններում արցախյան հիմնախնդիրը արդարացի ներկայացնելու եւ մեր ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար:

ԱՀ նախագահը մեծապես կարեւորեց այն, որ համագումարի շրջանակում կայանա մտքերի կառուցողական փոխանակում, հնչեն տարբեր կարծիքներ եւ ընդունվեն փոխհամաձայնեցված որոշումներ՝ առաջին հերթին գերնպատակ ունենալով միավորել հայ ժողովրդի տարբեր հատվածները համազգային ծրագրերի իրականացման շուրջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում