Պետք է վերացնել պատճառները այլ ոչ թե հետևանքները

Պետք է վերացնել պատճառները այլ ոչ թե հետևանքները

Վաղուց անցել են ժամանակները,երբ օրենքներն արտացոլում էին որևէ անձի կամ խմբի կամայականությունը։ Պետությունն այսօր իր վրա է վերցրել պարտավորությունը մշակելու այնպիսի օրենքներ, որոնք կարտահայտեն ամբողջ հանրության շահերը կամ գոնե չեն վնասի դրանց։ Իրավաբանությունն այս առումով հատվել է հոգեբանության հետ, կարևորվել է հոգեբանության դերը հասարակության և պետականության կայացման, մարդկային գործունեության տարբեր տեսակների կազմակերպման և իրականացման գործում։ Թերևս պատահական չէ, որ անհրաժեշտաբար առաջացավ կիրառական մի բնագավառ՝ իրավաբանական հոգեբանությունը, իր ենթաբնագավառներով, որն ըստ էության կոչված է անձի և հասարակության զարգացման բնական օրինաչափությունների մասին հոգեբանական գիտական հիմքերը ծառայեցնելու օրինաստեղծ գործունեությանը։ Նշված օրինաչափությունների և օրենքների միջև չպիտի լինեն հակասություններ, հառակ դեպքում այդ օրենքները չեն լինի կենսունակ և կարող են անգամ ունենալ հակառակ, քայքայիչ ազդեցություն տվյալ հասարկության համար։ Այս առումով խիստ մտահոգություն է առաջացնում լայն քննարկում ստացած «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին և հարակից օրենքը»: Կետ առ կետ հակիրճ անդրադառնանք օրենքում տեղ գտած հակասություններին, որոնք չեն արտահայտում անձի և հասարակության զարգացման օրինաչափությունները։

1.Սոցիալական ու իրավական նորմերը կոչված են կարգավորելու մարդկանց վարքը մարդկային և այլաբնույթ հարաբերությունները։ Այդ նորմերի հիմքում ընկած է բարոյականությունը, բայց դրանց ձևավորմանը նպաստում են այլ էթնոստեղծ գործոններ, ազգային վարքի և մտածելակերպի (մենթալիտետի) ստերիոտիպերը, ազգային ավանդույթներն ու սովորույթները, ազգային պատկերացումները ընտանիքի, մեծի, ծնողների նկատմամբ և այլն։ Հասարակության և հասարակական գիտակցության պատմական զարգացման ընթացքում բարոյագիտակցությունը նախորդել է իրավագիտակցության ձևավորմանը։ Բարոյագիտակցությունը ձևավորվել է հասարակական գաղափարախոսության, հասարակական վարքի ձևավորման հետ մեկտեղ, որի ընթացքում, աստիճանաբար ստեղծվել են բարոյական ու մշակութային նորմեր, որոնք կարգավորել են մարդկանց փոխհարաբերությունները, նրանց կենսակերպը, անհատական և հասարակակ վարքը։ Իրավագիտակցությունը մարդու հասարակական գիտակցության մեջ մարդու բարոյականության արտացոլումն է։

Բարձր իրավագիտակցությամբ օժտված հասարակություն ունենալու համար անհրաժեշտ է, որ այն ձևավորվի բարոյագիտակցության հենքի վրա, հակառակ դեպքում գործ կունենանք արատավոր մի երևույթի հետ, որը իրավաբանական հոգեբանության մեջ կոչվում է սոցախտահարում։ Անձի սոցիալական դեֆորմացիան (որի կազմում բարոյաիրավական այլափոխումները առաջին հերթին մարդկանց միջև հարաբերությունների հատկապես հուզական, ընկերական, բարեկամական հարաբերությունների անբարենպաստ փոփոխման հետևանքն է։ Բազմաթիվ հետազոտություններով հաստատված է, որ անձի սոցիալական ախտահարման գենեզիսում այդ դրսևորումների առկայությունն արտահայտվում է նրանում, որ նախ անձը ձեռք է բերում ոչ համարժեք խոսքային դիրքորոշումներ ( «Ո՛չ պետությանը,ո՛չ սահմաններին…»), չարդարացված պահանջմունքներ ու ձգտումներ, ընդունված մտածելակերպին հակադրվելու ցանկություններ։ Առաջանում են նոր հայացքներ և համոզմունքներ, որոնք հակասում են ընտանեկան և հասարակական, էթնիկական ավանդույթներին և նորմերին, ինչպես նաև ոտնահարում են էթնիկական, սոցիալական և բարոյական արժեքները (դրանց հնացած հետամնաց լինելու որակումներով), կարևորվում են նորածին արժեքները, ինչը վկայում է, որ մարդու բարոյագիտակցությունը սոցիալապես ախտահարվել է, սոցիալական արժեքները որոշակիորեն վերաիմաստավորվել։ Դյուրկհեյմը այս կոնտեքստում զարգացնում է անոմիայի հիմնադրույթը, որն ընդհանուր շատ դրույթներ ունի սոցախտաբանության հետ։ Նա հաստատում է, որ անոմիան հասարակության այն վիճակն է, երբ նրա անդամների մի զգալի մասը իմանալով իրեն պարտադրված նորմերի գոյության մասին, դրանց նկատմամբ ցուցաբերում է նեգատիվ վերաբերմունք՝ բնականաբար աստիճանաբար օտարանալով և՛ այդ նորմերից,և ՛ այդ հասարակությունից, և ընտրելով սոցիալապես ոչ համարժեք կենսուղի։

Այս կոնտեքստում մենք պարարտ հող ենք ունենում իրավական դաշտ ներմուծելու այնպիսի իրավական նորմեր, որոնք ըստ էության, այլևս չեն արտահայտում տվյալ հասարակության սոցիալական նորմերը, այլ միայն սոցախտահարված որոշակի զանգվածի։ Վերը նշված օրենքի համաձայն ընտանեկան բռնության կանխարգելման հարցերով պիտի զբաղվեն վերջին 3 տարում ոլորտի խնդիրներով զբաղվող կազմակերպությունները։ Արդյո՞ք այդ կազմակերպություններն արտահայտում են լայն հասարակության սոցիալական նորմերին համապատասխան դիրքորոշումներ։ Պատասխանը գտնելու համար բավարար է միայն ուսումնասիրել նրանց կարգախոսները, որոնք պրոպագանդում են միայն սեքսուալ ազատություն, հայրենիք, ընտանիք, պետություն և այլ արժեքների մերժում։

Վիրուսի տարածման սկզբունքով այս սոցախտահարված զանգվածն ամեն կերպ ջանում է մտնել հասարակության մեջ՝ վարակելով նաև ողջ հասարակությանը։ Այնինչ գիտական մոտեցմամբ սոցախտահարման կանխարգելմանն ուղղված միջոցառումները պետք է լինեն հիմնավորված, շարունակական, և չափազանց կարևորվորվում է այն իրականացնող անձանց կերպարը։ Ստացվում է՝ օրենքը, որը պիտի ուղղված լինի արատավոր մի երևույթի կանխարգելմանը, հնարավորություն է ստեղծում« սիմպտոմները բուժելով խորացնել ախտածին պատճառները, որոնք վերջիվերջո կհանգեցնեն հասարակության դեգրադացմանը։

2.Մասնագետներին և արդեն անգամ ոչ մասնագետներին վաղուց հայտնի է« «տարիքային ճգնաժամ» եզրույթը։

Տարիքային ճգնաժամներից առանձնահատուկ առանձնացնենք դեռահասության տարիքի ճգնաժամը, որն առավել սուրն է՝ իր արտահայտմամբ և այն կազմում է անձի ձևավորման, նրա Ես-կոմպլեքսի, ինքնագիտակցության ձևավորման անբաժանելի մասը։
Այս տարիքում դեռահասի համար նախկինում հեղինակություններ՝ ծնողները, ուսուցիչները դադարում են նրա համար հեղինակություն լինել, առավել կարևորվում և հեղինակավոր են դառնում հասակակիցները, նրանց հետ շփումը, ֆիլմերի հերոսները, երգիչները, շոու֊բիզնեսի ներկայացուցիչները։ Կապված ֆիզիոլոգիական փոփոխությունների և հորմոնային ուժեղ ֆոնի հետ սեռական թեմաներն ամենահետաքրքրողն ու պահանջվածն են դառնում դեռահասների համար։ Առաջանում են հակասություններ ծնողների և երեխաների միջև, որոնք կարող են չափազանցված ու սուր ընկալվել դեռահասի կողմից։ Դեռահասներից շատերն ունակ են անգամ մանիպուլատիվ վարք դրսևորել՝ ծնողական վերահսկողությունից ազատվելու համար։ Այս կոնտեքստում ևս հարցադրումներ են առաջանում. որքանո՞վ է հստակ ծնողի կողմից կիրառվող դաստիարակչական աշխատանքի, դեռահասի տարիքային ճգնաժամով պայմանավորված վարքագծի և դրանց միջև հակասության սահմանները։ Սրանք անհրաժեշտության դեպքում կարող են կրկին շահարկման առարկա դառնալ, այնինչ կրում են բնական և օրինաչափ բնույթ անձի զարգացման փուլերում։

3. Ընտանիքն առաջին հերթին խումբ է՝ խմբի ձևավորման ու զարգացման բոլոր օրինաչափություններով։ Յուրաքանչյուր խմբում՝ լինի ֆորմալ, թե ոչ ֆորմալ, կատարվում է որոշակի դերաբաշխում, հանդես են գալիս լիդերներ, «ինտելեկտուալ բջիջներ», կատարողներ և այլն։ Առողջ խմբի ձևավորման և կենսագործունեության բնական օրինաչափություն է, որ խումբն ունենա մեկ լիդեր։ Երբ մշտական քարոզների և հորդորների արդյունքում առաջ է բերվում ընտանիքի ներսում լիդերության խնդիրը (ավանդական ընտանիքում սովորաբար հայրն է լիդերը, սակայն դա բնավ չի նսեմացնում կնոջ դերը, քանի որ լիդերները միշտ հաշվի են նստում խմբի «ինտելեկտուալ բջիջների» կարծիքի հետ, եթե իհարկե կինը չի հրաժարվում լինել այդպիսին),տվյալ դեպքում խախտվում են հոգեբանական այն մեխանիզմները, որոնք ապահովում էին առողջ փոխհարաբերություններ։

Կրկին դիտարկենք տարբեր շահագրգիռ կազմակերպությունների գործունեությունը, որն իր զգալի մասով ուղղված է« «փրկելու հայ կնոջը երկրոդը կամ ստորադասը լինելուց»։
Բոլորովին էլ պատահական չեն, կարծում եմ, ակտիվ ֆինանսավորվող «աղջիկ լիդերների» տարբնույթ ճամբարներն ու սեմինարները։ Այս կետը ևս սոցիալական և իրավական նորմերի միջև ստեղծում է հակասականություն՝ հանգեցնելով արհեստական կոնֆլիկտների, որոնք կարող են ավարտվել ընդհուպ բռնությամբ։ Ստացվում է պրոֆիլակտիկայի փոխարեն հրահրվում են կոնֆլիկտներ։

Հակասությունների այս շարքը կարելի է շարունակել՝ ցույց տալով օրենքի բազմաթիվ բացեր։

Անշուշտ, բռնությունը արատավոր և դատապարտելի երևույթ է, և դրա դեմ պայքարելը խիստ անհրաժեշտ է։ Սակայն էլ ավելի առաջնային է դրա պատճառահետևանքային կապերի բացահայտումն ու վաղ սոցիալ-հոգեբանական պրոֆիլակտիկան, որը պետք է կրի շարունակական բնույթ՝ ցանկալի արդյունքներին հասնելու համար. վերացնել պատճառները այլ ոչ թե հետևանքները։

Այս առումով անհրաժեշտ է պրոֆեսիոնալ մոտեցում, սրտացավություն, հայրենասիրություն, որպեսզի ազգադավ ոչ մի երևույթ չներթափանցի պետության բջիջ՝ ընտանիք, քանի որ այդ բջջի հաշվին է վերարտադրվում, իր հիմքերն ամրապնդում ու կենսունակ դառնում ցանկացած պետություն։

Հոգեբան-մանկավարժ, իրավաբանական հոգեբան
Վ. Խաչատրյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում