Սիրիան ու Հայաստանը կհամագործակցեն կապի, տրանսպորտի և ՏՏ ոլորտներում

Սիրիան ու Հայաստանը կհամագործակցեն կապի, տրանսպորտի և ՏՏ ոլորտներում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին։

Ինչպես տեղեկացրեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, նախարարն անդրադարձել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում երկկողմ փոխգործակցության հնարավորություններին։ Նա նշեց, որ ուրախ կլինի, եթե սիրիական ընկերությունները մասնակցեն մեր երկրի համար կարևոր նշանակություն ունեցող ծրագրերին։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը խոսել է Սիրիայում տիրող ներկա իրավիճակի և տրանսպորտային կապուղիները վերականգնելու խնդրի մասին, ընդգծել է, որ լիահույս է՝ Հայաստանի հետ վերականգնելու և զարգացնելու հարաբերությունները հատկապես ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ոլորտներում: Նա նշել է, որ առաջիկայում Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ կներկայացնեն համագործակցության կոնկրետ առաջարկներ:

Նախարար Վահան Մարտիրոսյանը նշել է, որ պատրաստ է համագործակցելու ոչ միայն տրանսպորտի, այլև կապի ոլորտներում, քննարկելու առաջարկված ծրագրերը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հարաբերությունների ստեղծմանն ուղղված քայլերին: Դեսպանը նշել է, որ տեղյակ է Հայաստանի ՏՏ ոլորտում գրանցված հաջողությունների և առաջընթացի մասին և ասել է, որ ներկայում Սիրիան նման մասնագետների կարիքը շատ ունի։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում կազմակերպվելիք հանդիպման վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում