Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Լեւոն Հայրապետյանի ընտանիքին

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Լեւոն Հայրապետյանի ընտանիքին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին ցավակցական հեռագիր է հղել Լեւոն Հայրապետյանի ընտանիքին:

Ինչպես տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հեռագրում ասված է.

«Արցախում խոր ցավով տեղեկացանք անվանի հայ գործարար, մեծ հայրենասեր ու բարերար, մեր ժողովրդի նվիրյալ զավակ Լեւոն Գուրգենի Հայրապետյանի մահվան մասին:

Լեւոն Հայրապետյանը կանգնած է եղել Արցախի Հանրապետության կայացման ակունքներում, արել է հնարավորը հայրենի երկրի շենացման ու բարգավաճման, հարազատ ժողովրդի կենսապայմանների բարելավման ու կենսամակարդակի բարձրացման ուղղությամբ: Նրա աջակցությամբ Արցախում կյանքի են կոչվել բազմաթիվ խոշոր ծրագրեր տնտեսության տարբեր ճյուղերում, վերակառուցվել է Գանձասարի վանական համալիրը:

Պետությունը բարձր է գնահատել Լեւոն Հայրապետյանի ավանդն Արցախի զարգացման գործում: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար նա պարգեւատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով եւ «Երախտագիտություն» մեդալով:

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, հայրենակիցներին ու ընկերներին, բոլորին մաղթում եմ համբերություն եւ ոգու կորով:

Լեւոն Հայրապետյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա սերունդների հիշողության մեջ»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում