ՄԱԿ-ի ԱԽ-ն երկխոսության է կոչել Իրաքի իշխանություններին ու քրդերին Քիրկուկի դեպքերից հետո

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անհանգստություն է հայտնել Քիրկուկ քաղաքի շրջանում ստեղծված իրադրության կապակցությամբ, որտեղ սրվել են հակասությունները Բաղդադի կենտրոնական կառավարության եւ Քրդական ինքնավար շրջանի իշխանությունների միջեւ:

Հոկտեմբերի 18-ին մամուլի համար հրապարակված հայտարարության մեջ ԱԽ-ի անդամները կոչ են արել կողմերին՝ ձեռնպահ մնալ բռնի գործողություններից եւ տարաձայնությունները կարգավորել սահմանադրական ճանապարհով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Խորհրդի անդամները կոչ են արել կողմերին՝ ձեռնպահ մնալ ապակայունացնող գործողություններից, ներառյալ ուժի կիրառումը եւ դրա կիրառման սպառնալիքը, եւ կառուցողական երկխոսություն սկսել Իրաքի Սահմանադրության հիման վրա»,– ասված է հաղորդագրության մեջ: ՄԱԿ-ի ԱԽ-ն կարեւորել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ջանքերի շարունակումը եւ աջակցություն է հայտնել իրաքյան կողմերի միջեւ երկխոսության հաստատմանն ուղված ՄԱԿ-ի ջանքերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում