Վարչապետը հանձնարարեց տրամաբանական չափով ազատականացնել անտառահատումներն ու իրականացնել կոշտ վերահսկողություն

Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ անտառների կառավարման և պահպանման արդյունավետության բարձրացմանն ու առկա խնդիրների լուծմանը՝ տեղեկացնելով, որ մոտ ժամանակներս շահագրգիռ մարմինների հետ ամբողջությամբ քննարկված և լրամշակված հայեցակարգը կներկայացվի Կառավարության աշխատակազմ:

«Միաժամանակ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ մի կողմից՝ ապօրինի ծառահատումների համար սահմանված վարչական և քրեական պատասխանատվության միջոցները չեն նպաստում դրանց կանխարգելմանը, մյուս կողմից՝ վերջին տարիներին ավելի քան երեք անգամ նվազեցվել են բնափայտի մթերման օրինական ծավալները»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները և դրանց լուծման հրատապությունը՝ Կարեն Կարապետյանը Բնապահպանության, Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին հանձնարարեց շարունակել անտառամերձ համայնքների բնակիչներին թափուկի անվճար տրամադրման գործընթացը՝ առաջնայնությունը տալով սոցիալապես խոցելի խմբերին, միաժամանակ ապահովելով այդ գործընթացի թափանցիկությունը, 10-օրյա ժամկետում համատեղ քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել բնափայտի օրինական մթերման վերանայված և օպտիմալ ծավալները՝ հիմնված բնական վերաճի և սահմանափակումների վրա:

Միաժամանակ, ըստ հանձնարարականի, 2-ամսյա ժամկետում վերոնշյալ գերատեսչությունները պետք է համատեղ մշակեն և կառավարության աշխատակազմ ներկայացնեն ապօրինի անտառահատումների վերաբերյալ վարչական և քրեական պատասխանատվության միջոցների հստակեցման և խստացման վերաբերյալ իրավական ակտի նախագծեր:

«Հաշվի առնելով շուկայի իրական ծավալները, գնահատելով ստվերը՝ մենք պետք է «Հայանտառ»-ում բարեփոխումներ կատարենք, տրամաբանության չափով լեգալացնենք անտառահատումները, ֆինանսական միջոցներ ուղղենք «Հայանտառ», որպեսզի վերջինը պատրաստ լինի գույքով և անհրաժեշտ գործիքներով՝ իրականացնելու մաքսիմալ կոշտ հսկողություն»,- ընդգծեց վարչապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում