Ոստիկանությունն առանց դատարանի որոշման հնարավորություն է ստանում մտնել ընտանիք եւ որոշակի գործողություններ իրականացնել

«Ցանկացած միջամտություն պետք է լինի հիմնավորված, հավասարակշռված եւ համաչափ,սակայն նախագծով ոստիկանությունն առանց դատարանի որոշման հնարավորություն է ստանում մտնել ընտանիք եւ որոշակի գործողություններ իրականացնել»,-այս մասին, լրագրողների հետ զրույցում ասաց Փաստաբանների պլատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ընտանեկան բռնության մասին աղմկահարույց օրինագծին:

Բանն այն է, որ նախագծում սահմանված բռնության որոշակի տեսակների` օրինակ տնտեսական կամ հոգեբանական բռնության ձեւակերպումներն այնպիսին են, որ ծնողի պարզ դաստիարակչական գործառույթը` պատիժը, խրատը կամ հանդիմանանքն անգամ կարող են այդ տիրույթում մեկնաբանվել: Սա խնդիր է, որի վրա պետք է ուշադրություն դարձնել.

«Ծնողը երեխային ասում է մեկ անգամ էլ ծխես` ականջներդ կկտրեմ, բայց չի կտրելու,իսկ դա ֆորմալ իմաստով արդեն դառնում է հոգեբանական բռնություն, որովհետև նա ֆիզիկական բռնության սպառնալիք հնչեցրեց»,- նշում է Արա Զոհրաբայանը և հավելում, որ այստեղ լուրջ բացեր ու վտանգներ կան, որոնք իրականում կարող են խաթարել ընտանիքի անդորրը:

Փաստաբանների պալատի նախագահը խոսելով օրինագծի հեղինակների ներկայացրած այն վիճակագրության մասին,որ վերջին տարիներին ընտանեկան բռնության դեպքերն աճել են նշում է, որ բռնության մյուս տեսակներն էլ թաքնված են` սկսած դպրոցից ու բուհերից մինչեւ բանակ եւ նույնիսկ ԱԺ.

«Եթե մենք բոլոր բռնույթունները բացահայտենք, վստահ եմ, որ ընտանեկան բռնությունը չնչին տոկոս է կազմելու, բայց դա չի նշանակում, որ պետք է դա անտեսենք»:

Խութեր կան նաեւ ապաստարաններին վերաբերող դրույթներում: Նախ հստակ չէ ապաստարանների գործունեության կարգը, որտեղ պետք է տեղափոխվեն ընտանեկան բռնության ենթարկված անձինք, չկան նաեւ մեխանիզմները, որոնք կբացառեն հենց այնտեղ անձին բռնության ենթարկվելու վտանգը, այնպես, ինչպես, օրինակ բացառված չեն բռնության դեպքերը մանկատներում կամ ծերանոցներում.

«Մեր մանկատների վիճակը լավ չէ,ծերանոցների վիճակը լավ չէ և այդ սուր միջոցների արդյունքում մեր եղած կառույցները չեն կարողանում ճիշտ կազմակերպել նաև նրանց աշխատանք»:

Տեղեկացնենք, որ Փաստաբանների պալատը գրավոր առաջարակություններ է ներկայացրել արդարատադության նախարարություն, օրինագիծն ուսումնասիրելու նպատակով ստեղծել է նաեւ հատուկ աշխատանքային խումբ, որտեղ առաջարկում է ներգրավել նաեւ ՀԿ-ներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում