Բուժաշխատողի գործունեության խոչընդոտումը Հայաստանում քրեականացվում է

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծին, որով առաջարկվում է ավելացնել նոր հոդված`քրեականացնելով բուժաշխատողի գործունեությունը խոչընդոտելը:

«ԱԺ պատգամավորներ Հրայր Թովմասյանի և Կարեն Ավագյանի ներկայացված նախագծի նախնական տարբերակում առաջարկվում է բուժաշխատողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար նախատեսել պատիժ տուգանքի ձևով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, իսկ բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելու համար նախատեսել պատիժ ազատազրկում՝ 3-7 տարի ժամկետով: Սահմանվել է նաև պատասխանատվություն բուժաշխատողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար ոչ թե վտանգավոր բռնություն գործադրելով այլ գործադրելու սպառնալիքով: Այդ արարքի համար պատիժ նախատեսել` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով»,- ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով, նախագծի ընդունման արդյունքում կերաշխավորվի բուժաշխատողի օրինական շահերի պաշտպանությունը: Ըստ նրա, նախագծի նպատակը ոչ թե պատժիչ համակարգի խստացումն է, այլ բուժաշխատողների նկատմամբ ոտնձգությունների կանխումն ու կանխարգելումը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում